211652_close_icon
views-count3083 դիտում article-date 12:12 26-06-2020

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։ «Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։ Դատարանից խնդրել ենք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության և առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»,- գրել է Մինասյանը։ Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին: Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր