Խոշոր հրդեհ Երևանում. կրակը տեսանելի էր անգամ ԱՄՆ դեսպանատան մոտից. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբի փողոցի տներից մեկի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ և դեպքի վայր են ժամանել լրացուցիչ 2 մարտական հաշվարկ` հրշեջ-փրկարարական ջոկատ:
Կրակն այնքան ուժգին է եղել, որ տեսանելի է եղել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտից:
Ժամանել է նաև Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Հրշեջներն ու քաղաքացիները 1,5 ժամից ավելի պայքարել են կրակի տարածման դեմ, այնուհետև աշխատանքներ են տարվել կրակի տարածումը կանխելու և այն մարելու ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն բնակիչը կրել է խոշոր չափի նյութական վնաս:
Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզում է տանտիրոջ ինքնությունը:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություն անցկացնելուց հետո:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը` Մհեր Ղալեչյանի