211652_close_icon
views-count5895 դիտում article-date 23:59 14-07-2020

ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանին կրակի դադարեցման կոչ է արել

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Էդի Ռամայի կոչը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «Ես խորապես մտահոգված եմ բռնության աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չենք տեսել նոր զոհեր»,- ասել է Ռաման: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման հարցում: Ուղիղ կապուղին հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2019թ. մարտին, Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած հանդիպման ժամանակ։ Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել այս իրավիճակում լարվածությունը թուլացնելու համար: Ռաման ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իր մտահոգությունն է հայտնել երկու կողմերից տուժածների վիճակի առնչությամբ։ «Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները»,- ասել է Ռաման՝ ընդգծելով Մինսկի խմբի գործընթացին իր աջակցությունը:

Նմանատիպ նյութեր