211652_close_icon
views-count2653 դիտում article-date 16:23 15-07-2020

ՄԻՊ-ը փաստահավաք առաքելությամբ այցելել է Տավուշի մարզ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ այցելել է Տավուշի մարզ: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին անգլերենով երկու միջանկյալ զեկույց է ուղարկել` կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։ Զեկույցներում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Դրանք առանձին ընթացակարգով ուղարկվում են նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Այդպիսի հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Զեկույցներում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայանքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա: Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող և երկու ոտիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաև ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հուլիսի 14-ից, ժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր