211652_close_icon
views-count2187 դիտում article-date 15:26 16-07-2020

Մեզ հարկավոր է ամուր թիկունք. վարչապետը մեկ անգամ ևս կոչ է արել պահպանել հակահամաճարակային կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայինների կողմից ավելի քան 100 հոգու կազմով դիվերսիոն հարձակմանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. «Հարգելի գործընկերներ, մինչ ՀՀ Զինված ուժերը բարձր մակարդակով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը մեզ հարկավոր է ամուր թիկունք և այս առումով ուզում եմ ցավով արձանագրել, որ մեր երկրում կորոնավիրուսի նոր դեպքեր են շարունակվում գրանցվել։ Երեկ գրանցվել է 554 դեպք՝ 2190 թեստերի ընդհանուր թվից։ Եվ ես այս համատեքստում կրկին ուզում եմ մեր հայրենակիցներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները, կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է։ Եվ մենք վերլուծում ենք, որ այդ լարվածության թուլացումը կարող է կապված լինել միայն հակամահաճարակային գործողությունների, մասնավորապես՝ դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ: Ցավոք, ոչ բոլորն են մինչև այս պահը կրում դիմակներ, և մեր կոչն է՝ անպայման հետևել հակահամաճարակային կանոններին»: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները։ «Այո՛, դուք նշեցիք, որ, ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում, և 554-ն այն ցանկալի թիվը չէ, որ մենք ձգտում ենք ունենալ։ Սակայն, համեմատական անցկացնելով մոտավորապես 2 շաբաթվա վաղեմության թվերի և իրավիճակի հետ, պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և մեր քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու առումով ունենք էական առաջընթաց: Նաև թվի բացարձակ մեծ, բայց միևնույն ժամանակ կայուն լինելը՝ արդյունք է այն բոլոր հակամահաճարակային գործողությունների, որ կառավարությունն ու ազգաբնակչությունն իրականացնում են, հատկապես դիմակ կրելը և սոցիալական հեռավորություն պահպանելը։ 4 օր է, ինչ տանը սպասող որևէ քաղաքացի չունենք»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է, որից 50-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Արսեն Թորոսյանը նշել է, որ մահվան դեպքեր են արձանագրվում հիմնականում տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների մոտ. «Նրանց պաշտպանությանն առանձին ուշադրություն դարձնելը կրկին մեր բոլորի պարտքն է: Մենք պարտավոր ենք հատկապես նրանց պաշտպանել այս վարակից, որպեսզի չունենանք մահացության դեպքեր կամ առնվազն իջեցնենք դրանք»: Նախարարը նշել է, որ շարունակելով գործողությունները և պահելով իրավիճակը կառավարելի՝ կարողանում են դիմագրավել մարտահրավերներին։ «Առնվազն չենք ունենում այնպիսի իրավիճակներ, երբ մենք դուրս կթողնենք որևէ քաղաքացու բուժօգնության տրամադրումից անկանխատեսելի հետևանքներով։ Հետևաբար, ես էլ կրկին կոչ եմ անում շարունակել պահպանել կանոնները, դա դարձնել առօրյայի մաս՝ չսպասելով ոստիկանության կամ այլ վերահսկողական մարմինների ստուգումներին։ Եվ այդ առօրյայով գնալ առաջ, ինչը մեր իսկ փորձով ապացուցվեց, որ աշխատում է։ Մենք միշտ հղում էինք անում միջազգային փորձին, տարբեր հետազոտություններին, բայց ինքներս էլ տեսնում ենք, որ դա աշխատում է։ Այս ծանր, բայց կայուն վիճակը շնորհիվ այդ միջոցառումների է, որ ունենք»,- ասել է Արսեն Թորոսյանը։ Վարչապետը ցավակցություն է հայտնել կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հարազատներին, ընտանիքներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր