Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու Škoda-ն․ 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Պարույր Սևակ - Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes և Škoda մանկնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ 2-ին Mercedes-ից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման ջոկատի փրկարարները։
Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-րդ սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Ա․ Ստեփանյանը։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի վայրում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Վարդան Վարդանյանն ու Սահակ Խաչատրյանը հորդորում էին քաղաքացիներին, որպեսզի պահպանեն սոցիալական հեռավորություն, կրեն դիմակ, իսկ մի քանի քաղաքիցների էլ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի հանձնարարականով՝ դիմակներ էին բաժանում։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Տեղում ծառայություն են կատարում նաև Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: