Նախորդ գիշերվա իրադարձությունները ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը Ֆեյսբուքի իր էջում [url=https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/1174201156298353/?type=3&theater]հայտարարություն[/url] է տարածել` անդրադառնալով նախորդ գիշեր Մոսկվայում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կատարվող հարձակումներին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել ադրբեջանական կողմի փորձերը` հայ-ադրբեջանական սահմանին առկա դրությամբ պայմանավորված լարված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու և երկու ժողովուրդների համայքների միջև հակադրություն առաջացնելու մասով: Մասնավորապես, այս դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ:
Անցած գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումով, ցավոք սրտի, ևս մեկ անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը: Այս սադրանքների նպատակը Ռուսաստանում ազգամիջյան համաձայնության հիմքերի խարխլումն է, բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին նպաստելը և երկրում կոնֆլիկտային իրավիճակների ստեղծումը: Դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին տեղեկացրել են այդ գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև սադրանքների այլ փորձերի մասին:
Մենք կարծում ենք, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար՝ հետագա զարգացումներից խուսափելու նպատակով: Ռուսաստանի տարածքում տեղակայված տնտեսվարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է հետևեն Ռուսաստանի Դաշնության օրենքներին»:
Միաժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից և հայկական համայնքին տարբեր սադրիչ գործողությունների մեջ ներգրավելու փորձերից, Ռուսաստանում ՀՀ դեսպանատունը մեր հայրենակիցներին խնդրել է զգոն լինել և չտրվել սադրանքներին, չմասնակցել ադրբեջանական կողմի սադրանքներին ի պատասխան կազմակերպված տարբեր ակցիաներին կամ նախաձեռնություններին:
«Մենք շարունակում ենք աշխատանքները ծագած խնդիրների լուծման ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան համաձայնության պահպանման սկզբունքին»,- ընդգծել է դեսպանատունը՝ խնդրելով որևէ սադրիչ գործողությունների դեպքում անհապաղ տեղեկացնել դեսպանության, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև դիմել իրավապահ մարմիններին: