211652_close_icon
views-count6602 դիտում article-date 16:10 25-07-2020

Այվազովսկու 203-ամյակին Ազգային պատկերասրահն առցանց կցուցադրի հեղինակի հանրահայտ կտավները

Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 203-ամյակի կապակցությամբ հուլիսի 24-29 «Այվազովսկու օրեր» խորագրով միջոցառումների շարք է իրականացվելու: Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հովհաննես Այվազովսկու և Հայաստանի ազգային պատկերասրահների համագործակցությամբ նախատեսվում են վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և ծանոթություն մեծանուն նկարչի ժառանգների հետ։ «[url=https://armenpress.am/arm/news/1023032.html]Արմենպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի ընդհանուր հարցերով փոխտնօերն Աննա Եղիազարյանը հիշեցրեց, որ Ազգային պատկերասրահի՝ Այվազովսկու հավաքածուն մեծությամբ երկրորդն է աշխարհում: Առաջինը Հովհաննես Այվազովսկու տուն-թանգարանն է: «Մեր պատկերասրահի երկու սրահներում ցուցադրում ենք հեղինակի գործերը, և հուլիսի 28-ին՝ ժամը 22:00-ին, պատկերասրահի, «Դոմ Մոսկվի» կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում նրկայացվելու է առցանց էքսկուրսիա, որի շրջանակում մասնագետները ներկայացնելու են Այվազովսկու կյանքը, գործունեությունը, խոսելու են հեղինակի ստեղծագործությունների մասին»,-պատմեց Եղիազարյանը: Նրա խոսքով՝ համավարակի օրերին, երբ թանգարանները փակ են, նման միջոցառմամբ հնարավորություն է ստեղծվում կապը պահպանել արվեստասեր հանրության հետ: Պատկերասրահում կա նկարչին պատկանող 80-ից ավելի գործ, որոնց մեծ մասը մշտապես ցուցադրվում է երկու սրահներում: Ցուցանմուշներից են «Նոյն իջնում է Արարատից» կտավը, որին առանձնահատուկ ուշադրություն են դարձնելու, «Քրիստափոր Կոլումբոսը» և այլ գործեր: «Այվազովսկու հանդեպ հետաքրքությունը միշտ մեծ է: 2017-ին մենք նշեցինք նրա 200-ամյակը, և այդ առիթով կազմակերպված ցուցահանդեսը բացառիկ էր ոչ միայն մեր պատկերասրահի համար, այլև մեր մշակութային կյանքում, քանի որ ոչ մի ցուցահանդես նման քանակի այցելու երբևէ չէր ունեցել: Ճիշտ է՝ հիմա հեղինակի 203-ամյակն է, բայց միևնույն է կրկին մեծ է նրանով հետաքրքրվողների քանակը»,-շեշտեց Աննա Եղիազարյանը: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/1023032.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր