2412 դիտում
16:48 27-07-2020
Դադարեցնել վարկի տոկոսների և տույժերի հաշվեգրումը առնվազն վեց ամիս ժամկետով. «Ժառանգություն»
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել համավարակի հետևանքով վարկային ոլորտում առաջացած և հնարավոր խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:
«Հայաստանում՝ համավարակի դեռևս չհաղթահարված այս իրավիճակում, գնալով ահագնանում են ֆինանսատնտեսական ճգնաժամի տարբեր դրսևորումները, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Համալիր խնդիրներից հատկապես մտահոգիչ է ՀՀ բազմահազար քաղաքացիների կողմից իրենց վարկային պարտավորությունների կատարման փաստացի անկարողությունը:
Վերլուծելով վարկային շուկայում ստեղծված իրավիճակը, վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց դժգոհությունները՝ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ մոտ ապագայում բանկերն ու վարկային կազմակերպությունները աներկբա բախվելու են վարկառուների անվճարունակությանը:
Եթե կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ չմշակի արտակարգ իրավիճակում վարկատու-վարկառու հարաբերությունների հստակ կարգավորումներ, ապա ֆինանսական կազմակերպությունները չեն կարողանա ստանալ իրենց գումարները, իսկ քաղաքացիները ստիպված կլինեն աշխատանքից բացի կորցնել նաև իրենց բնակարանները, հանապազօրյա հացի հետ զրկվել իրենց օթևաններից:
Կսկսվի բռնագանձումների, սնանկացման անխուսափելի գործընթացը, որը սոցիալական մեծ անկայունություն կստեղծի ողջ հանրապետությունում: Հարվածը միակողմանի չէ, բանկերը համարվում են տնտեսության արյունատար անոթները, եթե նրանք չկարողանան հավաքագրել պայմանագրերով նախանշված գումարները համավարակի հետևանք ահագնացող գործազրկության պատճառով, ապա չեն կարողանա ներքին միջոցների հաշվին շարունակել վարկավորել ՀՀ տնտեսությունը, իսկ արտերկրից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող վարկերը շատ ավելի «թանկ» են, ուստի կբարձրանան վարկային տոկոսադրույքները, շեշտալի կնվազի տնտեսական ակտիվությունը:
Որպեսզի ֆինանսական կազմակերպությունները չդիմեն դատական կամ արտադատական կարգով բռնագանձումների՝ էլ ավելի խորացնելով առկա ճգնաժամը, «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ձեռնարկել հետևյալ միջոցառումները hամավարակի ընթացքում իրենց աշխատանքը կորցրած և կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից օգտված այն քաղաքացիների համար, որոնք սպառողական վարկերի բեռի ներքո են: Նշենք, որ այս քաղաքացիներին ի հայտ բերելը դժվար չէ, քանզի նրանց տվյալները պահպանվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
Ա) Դադարեցնել վարկի տոկոսների և տույժերի հաշվեգրումը առնվազն վեց ամիս ժամկետով,
Բ) ըստ անհրաժեշտության պետության կողմից ձեռք բերել սպառողական վարկերի պորտֆելները՝ կիրառելով ԿԲ հաշվարկային տոկոսադրույքը,
Գ) ստեղծել արտաբյուջետային հատուկ հիմնադրամ սոցիալական աղետի մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների վարկային պարտավորությունների մարման կամ վարկերի սպասարկման աջակցման համար՝ դադարեցնելով նրանց վարկավորումը մինչև գրանցված աշխատող դառնալը»։
Նմանատիպ նյութեր
18358 դիտում
17:55 13-03-2020
Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
715 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1189 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
1177 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան