211652_close_icon
views-count3420 դիտում article-date 21:43 29-07-2020

Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել

Հայաստանը ԵԱՀԿ-ում հայտագիր է շրջանառել՝ ԵՍԶՈՒ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերի կասեցման մասին։ Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։ Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից: Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը: Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին՝ ընդգծելով, որ կասեցվում են միայն Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին:

Նմանատիպ նյութեր