211652_close_icon
views-count3396 դիտում article-date 13:14 15-08-2020

Կյանքից հեռացել է տաղանդավոր գիտնական Մառլեն Սաթյանը

Օգոստոսի 10-ին կյանքից հեռացել է տաղանդավոր գիտնական, գիտությունների դոկտոր, Ա. Շիրակացու անվան պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նկարիչների միության պատվավոր անդամ Մառլեն Ակիմի Սաթյանը: Մ. Ա. Սաթյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 18-ին Լենինականում: Մանկությունն անցկացրել է Թեհրանում, Ռյազանում, Երեւանում: Ձերժինսկու անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտ, որտեղ նրան դասավանդել են ականավոր գիտնականներ՝ Մ. Վ. Մուրատովը, Վ. Վ. Բելոուսովը, Ա. Ա. Բոգդանովը: Չնայած ուսումը Մոսկվայում շարունակելու առաջարկներին՝ Մ. Ա. Սաթյանը վերադառնում է Հայաստան, որտեղ 2 տարի պրակտիկայից հետո ընդունվում է ասպիրանտուրա ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում: 1961 թվականին հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական դիսերտացիան Տաշքենդում, 1979-ին՝ դոկտորական դիսերտացիան Նովոսիբիրսկում: Աշխատել է՝ 1954-1956՝ Հայաստանի երկրաբանության վարչության կուսակցությունների երկրաբան; 1956-1959՝ ասպիրանտ; 1960-1964՝ գիտքարտուղար; 1964-1973՝ ավագ գիտաշխատող, 1973-1975՝ ԵԳԻ տնօրենի պաշտոնակատար; 1975-1988՝ տարածաշրջանային երկրաբանության եւ լիթոլոգիայի բաժնի վարիչ; 1986-1988՝ եկրաբանության ինստիուտի գիտության գծով տնօրենի տեղակալ; 1988-2008՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ լիթոլոգիայի լաբորատորիաների վարիչ; 2008-ից՝ առաջատար գիտաշխատող: Աշխատել է երկրաբանության ինստիտուտում ավելի քան 60 տարի: Գիտական գործունեության հետ մեկտեղ՝ Մառլեն Սաթյանն ամեն տարի դաշտային աշխատանքներ է կատարել Հայաստանի, Ղարաբաղի տարածքներում: Ճանապարհորդել է Միջին Ասիայից մինչեւ Սիբիր, Սախալինից մինչեւ Կուրիլյան կղզիներ: Ղեկավարել է միջազգային էքսկուրսիաներ եւ կոնֆերանսներ, 1984-ին պարգեւատրվել է Միջազգային կոնգրեսի պատվոգրով եւ արծաթե շքանշանով: Մասնակցել է Իտալիայում, Ֆրանսիայում միջազգային կոնֆերանսներին, աշխատել է Ավստրիայում իր ավստրիացի գործընկերների հրավերով: Մ. Ա. Սաթյանի ղեկավարությամբ առաջին անգամ կազմվել է Հայաստանի լիթոլոգիական քարտեզը, ապացուցվել է Անդրկովկասում Վեդիի եւ Զանգեզուրի օֆիոլիթային գոտիների առկայությունը, հայտնաբերվել են մետաղակիր սիլիցիտների պաշարներ, բացահայտվել են ալկալային լամպրոֆիրների պայթյունի խողովակները: Դիտարկվել են Հայաստանում կրեմնիումի եւ կարբոնատային հումքի, նավթի եւ գազի, ոսկու տեղակայման օրինաչափությունը: Ուսումնասիրվել է Սեւանա լճի էկոլոգիայի խնդիրը: Նրա ղեկավարած ամբիոնում դոկտորական դիսերտացիաներ են պաշտպանել 5 աշխատակիցներ, թեկնածուական՝ 6 աշխատակիցներ, հրապարակվել է 17 մոնոգրաֆիա: Սպիտակի երկրաշարժի առաջին օրերից Մ. Ա. Սաթյանը գտնվել է աղետի գոտում, ղեկավարել ինտեգրացիոն սեյսմոլոգիական գիտարշավը, օգնություն ցուցաբերել Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից ժամանած գիտնականներին: 1984-ին եղել է լիթոլոգիայի հարցերով համամիութենական միջգերատեսչական կոմիտեի հայկական բաժնի ղեկավարը, Հայաստանի երկրաբանական կազմակերպության ղեկավարի տեղակալը, ՀՀ ԱԺ երկրաբանության եւ էկոլոգիայի հարցերով փորձագետ: Մ. Ա. Սաթյանը եղել է բժշկության ոլորտում 2 պատենտի հեղինակը, 1995 թվականից հաջողությամբ փորձարկվել եւ պրակտիկայում կիրառվել են կենսաակտիվ նյութերը (օնկոհիվանդությունների, հենաշարժիչ ապարատի բուժման համար): Նրա հետաքրքրությունները չէին սահմանափակվում գիտական ոլորտով: Մ Ա. Սաթյանը հետաքրքրվում էր պատմությամբ, երաժշտությամբ, արվեստով, նկարչությամբ, Նկարիչների միության պատվավոր անդամ էր: Վերջին տարիներին նա խիստ մտահոգված էր Հայաստանում ոչ կիրառական գիտության հեղինակության անկմամբ: Մինչեւ կյանքի վերջին օրը՝ չնայած առողջության վատթարացմանը, նա հետաքրքրվում էր գիտության ոլորտով, ԳԱ ձեռքբերումներով: Մրցանակներն ու ձեռբքերումները (հիմնական)՝ 1980՝ երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր; 1998՝ Հայաստանի պատվավոր երկրաբան, Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի անդամ; 2003՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ; «Հայրենական պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ; Հայաստանի ԳԱ պրեզիդիումի պատվոգիր; 27-րդ Միջազգային երկրաբանական կոնգրեսի պատվոգիր; Անանիա Շիրակացու մեդալ ականավոր գիտական ձեռբքերումների եւ բացահայտումների համար:

Նմանատիպ նյութեր