211652_close_icon
views-count1852 դիտում article-date 17:25 26-08-2020

Հայփոստը մշակել է փոստային կապի միջոցով դեղերի ստացման ընթացակարգը

Օգոստոսի 27-ից սկսած քաղաքացիները կարող են ստանալ թույլատրելի քանակի դեղեր պարունակող առաքանիները (տարին մեկ անգամ, ոչ ավել քան 5 անվանում, յուրաքանչյուրից մինչև 3 սպառողական փաթեթ չափաքանակով) «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքներում։ Նոր օրենքի համաձայն՝ դեղորայքը ներմուծող քաղաքացու տվյալները` անձնագրային և ՀԾՀ պետք է գրանցվեն համապատասխան բազաներում: Այսուհետ «Հայփոստ» ընկերությունը լիազորված է քաղաքացիներից հարցման միջոցով անհրաժեշտ տվյալները ստանալուն պես դեղորայքի թույլատրելի խմբաքանակն ուղարկել իր բաժանմունքներ, որտեղից քաղաքացիները դրանք կստանան։ Միևնույն ժամանակ «Հայփոստ» ընկերությունը սահմանված կարգով կծանուցի դեղորայք ստացող իր հաճախորդներին, թե մինչև երբ կգործի տվյալ քաղաքացու կողմից միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղերի ներմուծման տարեկան սահմանափակումը։ Ուշադրություն. եթե առաքանին ներառում է 5 անվանում և/կամ յուրաքանչյուր անվանումից 3 սպառողական փաթեթից ավելի դեղորայք, ապա ՀՀ մաքսային ծառայությունը կարող է այն տրամադրել քաղաքացուն միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված՝ դեղերի ներմուծման հավաստագրի ներկայացման պարագայում: Հաճախորդի ցանկության դեպքում «Հայփոստ» ընկերությունն ինքը կարող է հաճախորդի փոխարեն դիմել ՀՀ առողջապահության նախարարություն և թույլտվություն ստանալու դեպքում առաքել տվյալ դեղը բաժանմունք։ Առողջապահության նախարարությունը թույլատրում է քանակը գերազանցող գրանցված կամ չգրանցված դեղերի ՀՀ ներմուծումը, այն դեպքում եթե դրանք կամ դրանց համարժեքները բացակայում են Հայաստանի Հանրապետության դեղագործական շուկայում։

Նմանատիպ նյութեր