211652_close_icon
views-count3910 դիտում article-date 23:02 01-09-2020

Նոր Հայաստանում նախկինների ապօրինություններին ընթացք չեն տալիս, իսկ անօրինականությունը շարունակում է անպատժելի մնալ. Նարինե Կիրակոսյան

[b]Ինչպե՞ս Երևանի կենդանաբանական այգին վերջին տարիներին դարձավ խլյակ[/b] Նոր Հայաստանում նախկինների ապօրինություններին ընթացք չեն տալիս, իսկ անօրինականությունը շարունակում է անպատժելի մնալ։ Այժմ փաստացի, բացահայտ ու նաև բացառիկ տեղեկություններ եմ հրապարակելու։ Նպատակս․ ուզում եմ հասկանալ ինչո՞ւ մասաները գնացին հեղափոխության, եթե իրենց պայքարը միայն իշխանափոխությունը չէր, այլ օրենքի երկիր սարքելը, որտեղ անարդարությունը եզակի երևույթ է լինելու։ ----------- Մի քիչ երկար եմ գրել, բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ, քանի որ հիմնավորումները, համոզված եմ շատերին կապշեցնեն։ ------------ Եվ այսպես, օգոստոսի 21-ին Երևանի քաղաքապետարան հերթական անգամ նամակ ուղղեցի, կենդանաբանական այգուն վերաբերող մի շարք հարցերիս պատասխան ստանալու նպատակով։ Նախորդիվ կամ անբավարար, կծկտուր էին պատասխանել, կամ ընդհանրապես լրագրողիս հարցերը արհամարվել էին։ Նախկին տնօրենը, ում աշխատանքից հեռացրեցին, պատասխանատվության չենթարկելով, լրագրությանս ընթացքում ամեն ձևով որդեգրել էր մասնագիտական կարողություններս կասկածի տակ դնելու։ Չստացվեց, և նա որոշեց սոցիալական հարթակում, այսինքն Ֆեյսբուքում, գրառումս հիմք վերցնելով, ինձ դատի տալ։ Ի դեպ դատի տալու նրա առաջին փորձը ծիծաղելի սխալների պատճառով չընդունվեց դատարանի կողմից, իսկ հետագայում նա, կամ նրա իրավաբանը չուղղեցին դա։ Բայց կրկնակի փորձ են արել, սակայն մեկ այլ գրառման համար են դատի տվել։ Շատ մանրամասն չգրեմ, քանի որ արդեն իսկ հանրային հարթակներում խոսվել է այս հետաքրքիր գործի մասին։ Հիմա սեպտեմբերի 9-ին հերթական նիստն է։ Հուսամ այս անգամ Ռուբեն Խաչատրյանի իրավաբանը նորից դասերը չսովորած ծույլիկ աշակերտի կեցվածքով չի ներկայանա դատարան։ Այո, այո, նա անցած անգամ եկել է դատարան որպես հայցվոր, սակայն հայտարարել, թե պատրաստ չի գործին։ Մեկ տարի է, մարդիկ ընկել են լրագրողի հետևից, որ դատեն «զրպարտության հոդվածով» և պատրաստ չեն հայցը հիմնավորել։ Ըստ այդմ հիմա ներկայացնում եմ հերթական փաստերը, որ Ռուբեն Խաչատրյանը դատի տալով ինձ, միայն լրագրողական ախորժակս է գրգռել, որ բացահայտեմ, թե պետական կառույցը՝ Երևանի կենդանաբանական այգին, ինչպե՞ս է 80-տարվա իր պատմության մեջ, վերջին տարիներին վերածվել աղետի գոտու, դարձել խլյակ։ Ցավոք նաև պետք է մի փոքր բացեմ այն վարագույրը, որի տակից Ռուբեն Խաչատրյանի նմաններին սատարում, թևութիկունք են տալիս և պարտակում մութ գործերը։ Ռուբեն Խաչատրյանի դեպքում մի ամբողջ շղթա է․ մարդկանց և կազմակերպությունների։ Սակայն այս օղակը քանդելն այդքան էլ հեշտ չի, որովհետև նրանք հենց իմ դաշտում, լրատվության դաշտում են ներդրել անօրինականությունները ամեն կերպ չբացահայտելու սխեմաները։ Ի զարմանս ինձ, այս վերջին նամակիս Երևանի քաղաքապետարանը պատասխանեց շատ արագ։ Արդեն օգոստոսի 29- ին ստացա դրանք։ Հարցերի պատասխաններն ուղղակի ապշեցնում են նախ ազնվությամբ, իսկ հետո դրանց բնույթը հասկանալով մարմնովդ դող է անցնում, որ Երևան քաղաքի պատմության մի կարևոր մասնիկի հիշողության ամեն փաստ վերացվել է։ Օրինակ․ հարց եմ տվել պ-ն քաղաքապետին, թե այգին Երևան քաղաքի պատմությունն է, բայց այսօր արխիվ չունի և ո՞ւր է այդ արխիվը։ Պատասխանում բառացի գիտե՞ք ինչ է գրված։ Գրված է, որ «ներկայումս Երևանի կենդանաբանական այգում բացակայում է որևէ տեսակի արխիվային տեղեկատվություն և այդ պատճառով այգու անձնակազմը ձեռնամուխ է եղել վերականգնել կենդանաբանական այգու պատմությանն առնչվող արխիվը»։ 80 տարի առաջ ստեղծված մեր մանկության սիրված վայրի մասին որևիցե արխիվ գոյություն չունի։ Հասկանո՞ւմ եք։ Այսինքն ենթադրելի է, որ նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, լինելով ռեժիսոր Հարություն Խաչատրյանի տղան, ունենալով նույն կինոարդյունաբերության դիպլոմավորում (ըստ բաց աղբյուրների նշվում է, որ նա ևս ռեժիսոր է մասնագիտությամբ), ոչնչացրել, կամ իր հետ տարել է պետական, հանրային նշանակության կառույցի՝ Երևանի կենդանաբանական այգու ամբողջ արխիվը և դրա համար չի հրավիրվել ոչ քաղաքապետարան, ոչ էլ առավելևս օրենքի առաջ պատասխանելու։ Սա բացառիկ դեպք է և կարող է օրինակ դառնալ ամենաթողությանը, երբ քո մայրաքաղաքի պատմամշակութային կառույցի անձնագիրը իր բոլոր տեղեկատվությամբ վերացնում է։ Անշուշտ որոշ բաներ, կարելի է վերականգնել ազգային արխիվից, բայց դա կցկտուր տեղեկություն կարող է լինել և ժամանակատար։ Ես նաև հարց էի տվել․ նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հեռանալուց հետո, արդյո՞ք անցկացվեց աուդիտ, գույքագրում և ստացվե՞ց դրանց արդյունքը։ Հաշվի առնելով բազմաթիվ բողոքները և կենդանիների անկման մասայական դեպքերը այդ ստուգումները հանրությանը ներկայացնելու կարիք կա։ Պատասխանում նորից կարդացի ապշեցուցիչ փաստ։ Պարզվում է՝ նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հեռանալուց հետո աուդիտ և գույքագրում չի իրականացվել։ Սակայն, դեռևս նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվել է 2016-2018թթ -ի աուդիտ, որի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությանը Երևանի կենդանաբանական այգին չի տիրապետում։ Այսինքն աուդիտի տվյալները, որին ծանոթ էր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, չեն հրապարակայնացվել։ Կարող ենք, և իրավունք ունենք կասկածել, որ դրանք միտումնավոր թաքցվում են։ Եթե ոչ, ապա ինչու ո՛չ աուդիտի տվյալները հրապարակեցին, ո՛չ էլ քաղաքապետ Հայկ Մարությանի խոստացած կենդանաբանական այգու կառավարման խորհուրդ չձևավորվեց։ Համենայն դեպս այս վերջին հարցին քաղաքապետարանը այսպես է պատասխանել․ «Այս տարվա փետրվար ամսին տեղի է ունեցել քննարկում՝ պետական կառավարման մարմինների, գիտական, կրթական, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի գիտական և կառավարման խորհուրդների ձևավորման գործընթացին և դրա շրջանակներում մի շարք կարևոր խնդիրների։ Սակայն, արտակարգ դրության պայմաններում խորհրդի ձևավորման գործընթացը չի շարունակվել, և ներկա պահին այդ մասով որևէ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել»: Լավ, ընդունենք համավարակը բոլոր պլանները խառնեց, բայց կան խնդիրներ, որ համավարակի հետ շատ մեծ կապ չունեն։ Օրինակ, կենդանաբանական այգու տարածքում նախկին տնօրենի օրոք գործում էին տարբեր զվարճանքի և ժամանցի կետեր։ Դրանցից էին կարուսելները, կոնտակտային գազանանոցը, սրճարան, ձիարշավարանը, որտեղ կազմակերպվում էր հիպոթերապիա։ Հիմա դրանք չկան, հանվեցին։ Ըստ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի, որը այգի այցելելու ժամանակ, անդրադարձել էր այդ խնդրին, կազմակերպությունները պայմանագրերի հետ խնդիր են ունեցել և կարիք կա նորերը կազմել։ Ես խնդրել էի քաղաքապետարանին պարզաբանել, կոնկրետ ի՞նչ խախտումներով են դրանք աշխատել և արդյոք ձիարշավարանը օգտվել է այգու ընդհանուր բյուջեյից և սննդի պահոցից։ Արդյոք կա՞ն քրեական գործեր հարուցված անօրինականության մասով․ ձիարշավարանի և այլ կազմակերպությունների։ Ըստ քաղաքապետարանի, այգու տարածքում արդեն երկու տարի է չեն գործում հանրային սննդի և զվարճանքի կազմակերպման համար նախատեսված օբյեկտները, բացառությամբ մեկի։ «Ինչ վերաբերում է կազմակերպությունների սուբյեկտների պայմանագրերի հետ կապված խնդրին, ապա այգու աշխատակազմը տեղեկատվություն չունի։ Այգու սահմաններում կա միայն երկու տարածք, որոնք վարձակալության հիմունքներով տրամադրվել են այլ սուբյեկտների։ Այդ տարածքներից մեկը՝ ձիարշավարանը, շահագործվում է «Բուրատինո» ՍՊԸ-ի կողմից, որտեղ Ռուբեն Խաչատրյանի պաշտոնավարման ընթացքում պահվել է 3 գլուխ ձի։ Նշված կենդանիները կերակրվել են բացառապես Երևանի կենդանաբանական այգու հաշվին։ Համադրելով փաստերը, չկա որևէ իրավական հիմնավորում, որը թույլ կտար Երևանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանին նշված ձիերին կերակրել կենդանաբանական այգու հաշվին»․ գրված է քաղաքապետարանից ստացված փաստաթղթում։ Ուրեմն քիչ է արխիվ չունի այսօրվա այգու տնօրինությունը, դեռ ֆինանսական մասնաբաժնով էլ ոչ մի հաշիվ-ֆակտուրա չկա։ Մարդը իր հարցերը այգու հաշվին է լուծել ու դա արդեն փաստ է, ըստ ստացված պատասխանների։ Եվ ի հաստատումն այս ամենի, այգուց ստացված պատասխաններում, իմ հարցին, թե այգում ապրող 19 արջերի նույնպես պետության հաշվին են կերակրում, քանի որ դրանք ոչ թե այգու բնակիչներն են եղել, այլ Ռուբեն Խաչատրյանի սեփական վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման FPWC հիմնադրամի «փրկարարական ծրագրով» անհատներից հավաքած կենդանիներն են, ստանում եմ հետևյալ տողերը․ «Հայտնում ենք, որ արջերի փրկության ծրագրի շրջանակներում Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները ներառված են այգու հաշվեկշռում, սակայն փաստաթղթեր, թե տվյալ արջերը ինչ հիմքով և որտեղից են տեղափոխվել կենդանաբանական այգի, առկա չեն»։ "Այս կապակցությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում, հետևաբար ներկա պահին որևէ տեղեկատվություն չենք կարող տրամադրել"․ գրել են քաղաքապետարանից։ Հարցերս 12-ն են եղել, բայց բոլորը չեմ գրի այստեղ․ շատ երկար է ստացվում։ Գիտեմ, երկար գրառումներ քիչ են կարդում։ Ավարտեմ վերջին ապշեցուցիչ փաստերով, որոնք ստացել եմ Երևանի քաղաքապետարանի կողմից․ նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանը իր սեփական Վայրի բնության և մշակութային արժեքների FPWC հիմնադրամի հետ առևտուր-փոխանակում է արել առանց մասնագիտական հիմնավորման։ Այգում առկա է միայն փոխանակման մասին փաստող Երևանի քաղաքապետի 2016 թվականի 2524-Ա որոշումը, ինչը կարմիրգրքյան հազվադեպ թռչունների, միակ բազմացող մորուքավոր անգղերի դեպքում տեղական և միջազգային օրենքների կոպիտ խախտում է։ Եվ, չմոռանամ նշել, որ ոչ մի հարցիս բավարար պատասխան չստանալով ցնցված եմ։ Օրինակ, ես հարց էի տվել, թե արդյոք կենդանաբանական այգու տարածքի գերմանացի գերիների կողմից սարքված սև տուֆից շենք-շինությունները օրինակա՞ն են քանվդել։ Քաղաքապետարանից, սակայն ինձ խորհուրդ են տվել այցելել իրենց Yerevan.am կայքի «Շինարարական թույլտվություններ» ենթաբաժին և գտնել այդ հարցիս պատասխանը։ Հարգելի քաղաքապետարան, անկեղծ զարմացած եմ, որ դուք արձագանքել եք և հարցերիս պատասխանել, բայց ձեր նշված հասցեն չի աշխատում։ Պատասխաններից տարիների փորձ ունեցող լրագրողիս նաև պարզ է, որ քաղաքապետարանի մի շարք բաժիններ նույնպես չեն աշխատում։ Օրինակ մշակույթի բաժինը, կամ իրավաբանականը․․․Բայց շնորհակալ եմ, որ իսկապես արագ և պարզ պատասխաներ են ուղարկել։ Հուսամ եզակի բնույթ չի լինի սա։ Շարունակելի թեմա [b]"Էկո-մեդիա" բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողների ցանցի համահիմնադիր՝ Նարինե Կիրակոսյան[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ինչպե՞ս Երևանի կենդանաբանական այգին վերջին տարիներին դարձավ խլյակ ‼️Նոր Հայաստանում նախկինների ապօրինություններին...

Опубликовано Narine Kirakosyan Вторник, 1 сентября 2020 г.

Նմանատիպ նյութեր