211652_close_icon
views-count1762 դիտում article-date 10:50 02-09-2020

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ի՝ Կիպրոսին զենք մատակարարելու արգելքը վերացնելու մասին որոշումը

Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Կիպրոսի հունական վարչակազմին զենք մատակարարելու արգելքը վերացնելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի ԱԳՆ գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ-ի այս որոշումն «անտեսում է կղզու երկու ժողովուրդների միջև հավասարության ու հավասարակշռության պաշտպանությունը»: «Մի ժամանակաշրջանում, երբ ջանքեր են ներդրվում Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ԱՄՆ-ի կողմից նման որոշման ստորագրումը թունավորում է խաղաղության և կայունության մթնոլորտը տարածաշրջանում և չի համապատասխանում դաշինքի ոգուն: Թուրքիան, որպես երաշխավոր երկիր, Կիպրոսի թուրք բնակչության անվտանգությունն ապահովելու իր իրավական և պատմական պատասխանատվությունն իրականացնելու համար համապատասխան վճռական քայլեր կձեռնարկի»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ ԱՄՆ-ի այս որոշումը կազդի կիպրոսյան հարցի լուծման վրա: Հիշեցնենք, որ Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է իր կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:

Նմանատիպ նյութեր