211652_close_icon
views-count1552 դիտում article-date 15:15 23-09-2020

«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ բացվել է նոր «Երջանկության ճանապարհ» ցերեկային խնամքի կենտրոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը իրականացնում է սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր: Սեպտեմբերի 22-ին հանդիսավոր կերպով բացվեց «Երջանկության ճանապարհ» հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոնը, որն իրականություն է դարձել Հիմնադրամի ամերիկահայ բարերարներ Արևիկ և Արամայիս Մաթևոսյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ինչպես նաև Հիմնադրամի և «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի համատեղ ջանքերով: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաաքապետ Դիանա Գասպարյանը, ներկայացուցիչներ «Հայաստան» համահայակական հինադրամից, Երևանի քաղաքապետրանից և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մինչ ուսումնական տարվա մեկնարկը շենքում և հարակից տարածքում իրականացված բարեփոխումները նոր շունչ են պարգևել կենտրոնին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով շահառուների առօրյան հաճելի միջավայրում կազմակերպելու համար: Ցերեկային կենտրոնի շահառուներին տրամադրվելու է օրական երեքանգամյա սնունդ, ինչպես նաև ապահովվելու է տնից-կենտրոն և կենտրոնից տուն տեղափոխումը հարմարեցված տրանսպորտային միջոցով։ Ծրագրի նպատակն է իրականացնել ցերեկային կենտրոնի անխափան գործունեությունը՝ բազմաֆունկցիոնալ մասնագիտական թիմի ներգրավմամբ, ապահովելով 20-25 շահառուների ցերեկային խնամքն ու առօրյա զբաղվածությունը, ներառյալ ֆիզիկական, ստեղծագործական և մտավոր ներուժի զարգացում, սոցիալական ինտեգրում։ Այսպիսով, մտավոր խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան լիարժեքորեն և հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից: *** ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

Նմանատիպ նյութեր