211652_close_icon
views-count2166 դիտում article-date 09:41 01-10-2020

Ամերիկացի վերլուծաբանները՝ Արցախյան հակամարտությունում Թուրքիայի ներգրավման մասին․ «Ամերիկայի ձայն»

Թուրքիան աջակցում է Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունում: Ֆրանսիան քննադատել է Անկարայի հռետորաբանությունն այս հարցում, իսկ Մոսկվա-Անկարա հարաբերություններում անորոշ վիճակ է։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5604393.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել քննադատությամբ Թուրքիայի հասցեին՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջինիս պահվածքի հարցում: Նա Անկարայի հռետորաբանությունը որակել է «անխոհեմ է և վտանգավոր», որը Ադրբեջանին ուղղորդում է դեպի Լեռնային Ղարաբաղի վերանվաճում: Հայտարարությունը հնչել է Մակրոնի կողմից Լատվիա կատարած այցի ընթացքում, ուր նա նշել է նաև, որ առայժմ չունի ապացույցներ ռազմական գործողություններում տարածաշրջանային տերությունների ուղղակի ներգրավվածության մասին: Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է ղարաբաղյան խնդիրը քննարկել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայ-ադրբեջանական ռազմական բախումների առաջին իսկ օրվանից իր աջակցությունն է հայտնել Բաքվին և կոչ արել հայկական ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից: «Թուրքիան կշարունակի կանգնել Ադրբեջանի կողքին՝ իր ողջ ներուժով և ոգով», երկուշաբթի օրը հայտարարել էր Էրդողանը: Ըստ վերլուծաբան Վեյն Մերիի, դեռևս պարզ չէ, թե ինչպես Թուրքիայի հարավկովկասյան այս հավակնություններին կարձագանքի Մոսկվան, որն այս տարածաշրջանում ունի ավանդական շահեր: Դժվար է պատկերացնել, որ նախագահ Պուտինը կարող է զիջել Ռուսասատանի գերակա դիրքը կովկասյան տարածաշրջանում, սակայն խնդիրն այն է, թե ինչպես է նա պատրաստվում դա անել, ընդգծում է Մերին: «Մոսկվայի տեսակետն այն է, որ Կովկասը, առնվազն կենտրոնական և հարավային մասերը, Ռուսաստանի արտոնյալ շահերի գոտի է: Եվ դա մինչև վերջերս հարգում էին Թուրքիան և Իրանը: Այս պահին միանշանակ չէ, որ Անկարան շարունակում է այն դիտարկել Ռուսաստանի արտոնյալ շահերի գոտի»,- ասում է Վեյն Մերին: Մինչ այժմ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների հարցում Մոսկվան միացել է միջազգային հանրության կոչերին կրակի դադարեցման, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հակամարտությանը երրորդ ուժերի ներգրավվման բացառման մասին: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ը չորեքշաբթի օրը տարածել է մեկնաբանություն Սիրիայից հակամարտության գոտի գրոհայինների տեղափոխման մասին: ՌԴ արտգործնախարարությունը նշել է, որ ԼՂ հակամարտության գոտի է իրականացվում Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխում՝ մարտական գործողություններին անմիջական մասնակցելու նպատակով և կոչ արել շահագրգիռ պետությունների ղեկավարներին` գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ հեռացնելու ուղղությամբ: ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, լարվածության աճը ղարաբաղյան հակամարտության գոտում կապված չէ ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Նախագահ Պուտինը ավելի քան տասը տարի փորձում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն` ոչ ի հաշիվ Թուրքիայի հարևանությամբ գտնվող որոշ երկրներում ռուսական շահերի: Այսօր ղարաբաղյան հակամարտության գոտում, ըստ Հերբսթի, առկա է ռուս-թուրքական ռազմական ընդհարման տեսական հավանականություն, սակայն վերլուծաբանը գտնում է, որ դա տեղի չի ունենա: «Չեմ կարծում՝ ականատես կլինենք ռուս-թուրքական բախմանը մարտի դաշտում: Այստեղ տեղի է ունենում շահերի բախում»,- նշում է Հերբսթը: Դեսպան Հերբսթն ընդգծում է, որ անհրաժեշտ է ամեն կերպ հասնել զինադադարի հաստատմանը՝ կարևորելով այս ուղղությամբ հատկապես Ֆրանսիայի և ԱՄՆ ներգրավումը: Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պատասխանատու է ղարաբաղյան գործընթացի համար: Ավելի բարձր աստիճանի պաշտոնյաների ներգրավումը, օրինակ՝ փոխնախարարների մակարդակով, կարող է դրական կերպով անդրադառնալ կարգավորման հարցում, գտնում է Հերբսթը:

Նմանատիպ նյութեր