92523 դիտում
21:30 01-10-2020
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. Ford Transit-ը մխրճվել է խաղողով բարձված ГАЗ 52-ի հետնամասի մեջ. կա 1 զոհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:3-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ հատվածում բախվել են Ford Transit և ГАЗ 52 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, սակայն մինչ նրանց ժամանումը, քաղաքացիները վարորդին դուրս էին բերել ավտոմեքենայից:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արշակ Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալների գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ГАЗ 52-ի և Ford Transit –ի մահացած վարորդի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit-ը մխրճվել է ГАЗ 52-ի հետնամասի մեջ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+