211652_close_icon
views-count1835 դիտում article-date 10:26 02-10-2020

Ազատությունն առավելություն է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Այն, որ երեկ ադրբեջանական հրետանու կողմից թիրախավորվել են հենց լրագրողները, ամենևին պատահականություն չէ. հակառակորդն, արհամարհելով միջազգային նորմերը, կրակ էր բացել հենց մեր մասնագիտության մարդկանց վրա, որոնք ունեին բոլոր անհրաժեշտ տարբերանշանները: Այդ միջադեպը նույնպես խոսում է մեր և Ադրբեջանի սկզբունքային, կասեի անգամ՝ քաղաքակրթական տարբերությունների մասին: Հայ, ռուս, ֆրանսիացի լրագրողները, որոնք աշխատում են ռազմաճակատում, ազատ են իրենց տեսածի մասին գրել այն, ինչ հարկ են համարում: Բայց բացառված է, որ նրանց նյութերում չարտացոլվի ճշմարտության գոնե որոշակի մասը: Իսկ ճշմարտությունն ադրբեջանական կողմի համար խիստ անբարենպաստ է, որովհետև ցանկացած լրագրող կարձանագրի, թե ով է հարձակվում, ով պաշտպանվում, ով է հարվածում խաղաղ բնակավայրերին, ով՝ հակառակորդի դիրքերին: Մի փոքր վերլուծական միտք ունեցող լրագրողը կհասկանա նաև, թե որ կողմից է կռվում կանոնավոր բանակը, և որ կողմում է հավաքվել Միջին Արևելքում ահաբեկչական «հարուստ փորձ» ունեցող խաժամուժը: Ադրբեջանական լրատվամիջոցները պատերազմից առաջ էլ ազատ չէին: Իսկ երբ Բաքուն սկսեց իր ագրեսիան Արցախի դեմ, այդ երկրում ընդհանրապես անջատվեցին ինտերնետային կապի գրեթե բոլոր միջոցները, սոցիալական ցանցերը: Երևի կանխազգում էին, որ իրենց ժողովրդին առանձնապես լավ լուրեր չեն ունենա պատմելու: Հայաստանում իրավիճակը ճիշտ հակառակն է՝ դատողությունների, գնահատականների առումով նույնիսկ ռազմական դրության պարագայում լրատվամիջոցները տարբեր դիրքորոշումներ են հայտնում, էլ չասած ֆեյսբուքյան օգտատերերի մասին: Շատ բան թողնված է մարդկանց խղճին: Իհարկե, այս պայմաններում երբեմն հրապարակվում են բաներ, որոնք պատերազմական վիճակում անձամբ ինձ համար անընդունելի են: Բայց այդ ազատությունը չափանիշներից մեկն է, որով բնութագրվում է մեր ու Ադրբեջանի տարբերությունը և, ի վերջո, կարծում եմ, մեր առավելությունը: Ո՞վ է ավելի լավ պայքարելու ռազմաճակատում և թիկունքում՝ նա, ով հասկանո՞ւմ է, թե ինչի համար է կռվում, թե նա, ով ստիպողաբար հայտնվել է ռազմի դաշտում կամ բերվել է Սիրիայի անապատներից՝ 1000-2000 դոլարի անորոշ խոստումներով: Երբ պետությունն առաջնորդվում է ահաբեկչական տրամաբանությամբ, նա շատ բան ունի թաքցնելու իր ժողովրդից ու աշխարհից, և փորձում է սահմանափակել տեղեկատվության տարածումը. այդ մոտեցման ամենավայրագ դրսևորումն է լրագրողների վրա կրակելը: Կիսո՞ւմ է այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը» մեր մոտեցումները, թե՞ ոչ, մե՞ր կողմից է, թե՞ ահաբեկիչների՝ այնքան էլ կարևոր չէ: Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, և շարժվելու ենք մեր սկզբունքներով՝ անկախ նրանից, թե աշխարհում ով է մեզ նման մտածում: ․․․Իսկ ահաբեկիչներից տուժած լրագրողներին, բնականաբար, ցանկանանք շուտափույթ ապաքինում ու վերադարձ մեր շարքերը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր