211652_close_icon
views-count7052 դիտում article-date 16:55 02-10-2020

Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Ցեղասպանությունը. Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորեւ. «Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում պարոն Փաշինյանն ասաց, որ իր երկիրը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում» եւ որ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, ինչպես Կանադան, արդ պետք է որոշեն, թե իրենք որ կողմում են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիան քաջալերում է Ադրբեջանի փորձը՝ լայնածավալ պատերազմի միջոցով վերադարձնելու Լեռնային Ղարաբաղըՙ գերազանցապես հայերով բնակեցված տարածքը, որը 1990-ականների սկզբին տեղի ունեցած արյունալի պատերազմից ի վեր գտնվում է տեղի էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ: Նա ասաց, որ Թուրքիան սիրիական վարձկաններ է ուղարկել ադրբեջանական կողմին օգնելու համար. պնդում, որը հաստատում են նաեւ Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Պարոն Փաշինյանը հավելեց, որ նաեւ թուրքական օդուժն է հարձակվել հայկական դիրքերի վրա: «Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին», - Հայաստանի մայրաքաղաք Երեւանից հեռախոսազանգով ասաց պրն. Փաշինյանը: «Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերըՙ սպանելով խաղաղ բնակչությանը»: Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնեց, որ վերջինս հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ որ երկուսն էլ «կիսում են Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հետ կապված մտահոգությունը»: Պարոն Փաշինյանը նաեւ կոչ արեց արեւմտյան երկրներին վերանայել Թուրքիային զենք վաճառելու պայմանավորվածություններն այն բանից հետո, երբ The Globe-ը հայտնեց, որ Բեռլինգտոնի, L3Harris Wescam–ի արտադրած պատկերագրման եւ թիրախավորման համակարգերը, որոնք վաճառվել են Թուրքիային, Ադրբեջանն օգտագործում է պատերազմական այս վերջին գործողություններում: Նա ասաց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիմակայությունում Թուրքիայի դերը պետք է դիտարկել սիրիական եւ լիբիական հակամարտություններում նրա ներգրավվածության, ինչպես նաեւ Միջերկրականում ծովային սահմանների առնչությամբ Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած «ագրեսիվ» դիրքորոշման համատեքստում: Պարոն Փաշինյանն ասաց, որ իր կառավարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի հետ եւ հավելեց, որ Թուրքիայի պահվածքը խնդիրներ է ստեղծում ամբողջ միջազգային հանրության համար: Հինգշաբթի օրը Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ բարեխղճորեն եւ առանց նախապայմանների պարտավորվել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները: Սակայն հրադադարի ռեժիմի վերականգնման կոչը մերժվեց Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի կողմից: Պարոն Փաշինյանն ասաց, որ ինքը ողջունում է հրադադարի կոչը եւ դատապարտում է Թուրքիայի կողմից դրա մերժումը: «Մերձավոր Արեւելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին եւ ծայրահեղականներին դեմ հանդիման: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»: Պարոն Փաշինյանն Էրդողանին նկարագրեց որպես առաջնորդ, որը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ջարդերի եւ տեղահանությունների միջոցով: «Անցել է հարյուր տարի, եւ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր