211652_close_icon
views-count48943 դիտում article-date 18:46 02-10-2020

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից, զրուցակիցները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի քննարկումը և խոր մտահոգություն հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Նրանք նաև մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական խմբավորումների մասնակցության կապակցությամբ: ՀՀ վարչապետը վերստին ուշադրություն է հրավիրել Թուրքիայի խիստ ապակայունացնող վարքագծի և ռազմական գործողություններին միջամտելու հանգամանքի վրա: Ռուսական կողմը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերսկսումը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության: Ձեռք է բերվել շփումները շարունակելու պայմանավորվածություն:

Նմանատիպ նյութեր