211652_close_icon
views-count6541 դիտում article-date 10:28 03-10-2020

Հայությունը պատրաստ է կռվել բոլոր հնարավոր թշնամիների դեմ՝ այնքան ժամանակ, որքան որ պահանջվի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Խաղաղ բնակավայրերին հարվածելու մարտավարությունը, որն այս պատերազմի վերջին երկու օրերին որդեգրել է թուրք-ադրբեջանական կողմը, ռազմական որևէ խնդիր չի լուծում: Դա նախ՝ վկայությունն է այն բանի, որ ռազմաճակատի գիծը փոխելու հակառակորդի բոլոր փորձերը տապալվել են՝ ո՛չ «բլից-կրիգի», ո՛չ «24 ժամում Ղարաբաղը գրավելու» հոտն անգամ չկա: Հիմա արդեն ստիպված են արդարանալ իրենց ժողովրդի առաջ՝ տեղանքը լեռնային է, հայերի պաշտպանական կառույցները խորն են: Լավ է, վերջապես բացահայտեցին, որ Արցախում (Լեռնային Ղարաբաղում) լեռներ կան: Կարծում եմ, ոչ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանն օգտագործել է իր ողջ պոտենցիալը՝ Արցախ ներխուժելու համար: Արդյունքը հայտնի է: Ձախողվելուց հետո մնում է հեռվից հրթիռակոծել մեր քաղաքներն ու գյուղերը՝ դա թույլերի և վախկոտների մարտավարություն է, որը հատուկ է ահաբեկիչներին: Ի՞նչ տարբերություն՝ ինքնաթիռնե՞րն են ուղղվում Նյու-Յորքի «երկվորյակ աշտարակների վրա», թե՞ «Սմերչն» է հարվածում Ստեփանակերտի կամ Հադրութի բնակելի շենքերին: Ոճը նույնն է՝ դա իրար հետ «գենետիկորեն փոխկապակցված» ուժերի գործելակերպն է: Ո՞րն է դրա նպատակը: Պարզ է, որ հակառակորդը խնդիր է դրել հոգեբանական ազդեցություն թողնել մեզ վրա: Եվ այստեղ Բաքուն և Անկարան կրկին սխալվում են՝ պարզապես նրանք մեզ լավ չեն ճանաչում, ուշադիր չեն ուսումնասիրել, նրանց վերլուծական կենտրոնները և հատուկ ծառայությունները թերացել են: Այժմ գոնե պա՞րզ է, որ ոչ մի ընկճվածություն, ոչ մի խուճապ չկա, ավելին՝ հայերի մեջ լուրջ տարաձայնություններ չկան, և 10 միլիոն հայությունը պատրաստ է կռվել բոլոր հնարավոր թշնամիների դեմ՝ այնքան ժամանակ, որքան որ պահանջվի: Ինչ թե ինչու է դա այդպես՝ դրա մասին էլ արժեր մտածել: Պատճառները փնտրելիս կարելի է հիշել, թե ինչպես են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիզմի դեմ կռվել հայերը և ինչպես՝ ադրբեջանցիները, ինչ զորավարներ, ինչ զինվորներ ենք տվել մենք և նրանք: Իսկ երկրորդ հիմնական պատճառն այն է, որ մենք այդ ամենը տեսել ենք՝ ե՛վ նրանց հարձակումը, ե՛ւ մեր դիմադրելը, ե՛ւ նրանց՝ անճարությունից խաղաղ բնակավայրերի վրա հարվածելը: Նույն Ստեփանակերտում 1992 թվականի ձմռանն ու գարնանը, մինչև Շուշիի ազատագրումը, վիճակը շատ ավելի ծանր էր, քան հիմա: Ի՞նչ է, մենք վախեցա՞նք, ահաբեկվեցի՞նք այդ հարվածներից: Իհարկե՝ ոչ: Հիմա առավել ևս ընկճվելու պատճառ չունենք: Եվ, ի վերջո՝ Ադրբեջանը կռվում է «տարածքների» համար, որոնք այդ երկրի ղեկավարությունը թյուրիմացաբար «իրենցն» է հռչակում, Թուրքիան կռվում է տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար: Մենք կռվում ենք՝ այս հողում ապրելու համար, ֆիզիկական բնաջնջման վտանգի դեմ: Համեմատեք մոտիվացիաների «ուժգնությունը»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր