211652_close_icon
views-count2584 դիտում article-date 20:16 06-10-2020

Հիմա երկրի ներսում թշնամիներ ու հակառակորդներ փնտրելու ժամանակը չէ, և Գագիկ Ծառուկյանը պետք է լինի ազատության մեջ. Իվետա Տոնոյան. ArmLur.am

[url=https://armlur.am/1048919/?fbclid=IwAR0TusbcSS5_0JiuMKXShqHRsYyoMgNUxW8plj4pcgilouDn7iCzqBI0MSk]ArmLur.am[/url]-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ գլխավոր դատախազին ուղարկված դիմումի վերաբերյալ: -Տիկին Տոնոյան, 13 կուսակցություններ այսօր գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Ձեր կարծիքով սա ինչ ազդեցություն կարող է ունենալ վաղը հրապարակվելիք որոշման վրա: -Նախ պետք է ասեմ, որ իրականում գլխավոր դատախազին ուղղված այս գրության անհրաժեշտությունը տեսել են հայաստանյան 15 կուսակցություններ, սակայն Արցախում գտնվելու պատճառով ուղղակի ֆիզիկապես չեն կարողացել ստորագրել Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ինչ վերաբերում է նման միջնորդության հնարավոր ազդեցությանը, ապա ես այն առավելապես բարոյական հարթության մեջ եմ կարևորում: Ինչպես հիշում եք օրեր առաջ նաև նման միջնորդությամբ էր հանդես եկել նաև Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ներքաղաքական համերաշխություն և համախմբում: Սա պատերազմի չգրված օրենքներից մեկն է, երբ երկրի համար դժվարին ու օրհասական պահերին թշնամու դեմ պայքարում պետք է համախմվել ու մեկ միասնական բռունցք դառնալ: Որևէ մեկը մեկ վայրկյան անգամ չի կարող կասկածել, որ ազատության մեջ գտնվելով Գագիկ Ծառուկյանն իր բոլոր ջանքներն ու հնարավորությունները ներդնելու է Արցախի կողքին կանգնելու համար, օգտագործելու է իր միջազգային կապերն ու գործընկերային հաբերությունները հարցին միջազգային հնչողություն տալու և հարցի շուտափույթ հանգուցալուծման համար: Անգամ այսօր լինելով անազատության մեջ Գագիկ Ծառուկյանը մեզ հանձնարարել է օգտագործելով մեր անձական կապերը` միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը։ Սակայն Գագիկ Ծառուկյանն իր կապերով միանշանակ տասնապատիկ անգամ ավելին կարող է անել Արցախի համար: -Դուք անձնապես ինչ ակնկալիք ունեք Վերաննիչ դատարանից: Ինչ եք կարծում վաղն ինչ որոշում կկայացվի: -Ես ուզում եմ հավատալ, որ դատարանը կառաջնորդվի առողջ բանականությամբ և կայացված որոշումը կլինի արդարացի և պարոն Ծառուկյանը հենց վաղը հնարավորություն կունենա, որպես խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավար իրականացնելու իր գործառույթները: Բազմիցս ասել ենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական հիմքից, և անգամ այս դեպքում մեղսագրվող արարքը որպես պատժատեսակ նախատեսում է նաև տուգանք: Ավելին, թե՛ ՀՀ գլխավոր դատախազը, թե՛ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը քանիցս նշել են, որ կալանքը միայն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի որպես խափանման միջոց, հատկապես, որ այս ամիսների ընթացքում որեւէ անգամ եւ որեւէ կերպ Գագիկ Ծառուկյանը չի խոչընդոտել իրականացվող նախաքննությանը։ Կրկնում եմ, հուսով եմ, որ վաղը դատարանն առաջնորդվելու է ադեկվատության կանխավարկածով և իմ լավատեսությունն արդարացված է լինելու: Պարոն Ծառուկյանը պետք է լինի ազատության մեջ։ Հիմա երկրի ներսում թշնամիներ ու հակառակորդներ փնտրելու ժամանակը չէ: Այսօր մենք բոլորս մի խրամատ ու մի ճակատ ունենք՝ դա Արցախն ու հայ զինվորի կյանքն է։ Բոլոր ներքաղաքական տարաձայնություններն ու հակասությունները մի կողմ դնելու եւ մեր միասնականությամբ հաղթելու ժամանակն է։ Ու Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխությունը մեր միասնականության ապացույցի կարևորագույն քայլ կարող է լինել։

Նմանատիպ նյութեր