211652_close_icon
views-count1776 դիտում article-date 10:29 07-10-2020

Ամեն ինչի բանալին մեր զինվորների ձեռքին է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Ջաբհաթ ան-Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ»՝ այս անունները մենք հաճախ ենք լսել վերջին 7-8 տարիների ընթացքում: Ցանկացած մարդ, ով հետևում է լրահոսին, գիտի, թե ինչով են զբաղվում այդ խմբավորումների «մարտիկները»: Ընդ որում, պարտադիր չէ, որ իրադարձությունները ծավալվեն Միջին Արևելքում՝ այդ մարդիկ քաղաքներ են ավերում, հեռուստախցիկի առջև գլուխներ են կտրում, մարդաշատ վայրերում ռումբեր պայթեցնում ոչ միայն Սիրիայում կամ Իրաքում, նրանք պատասխանատվություն են վերցնում նաև եվրոպական քաղաքներում բազմաթիվ ահաբեկչական ակտերի համար: Եվ ահա այդ խմբավորումների անունները՝ որպես այսօր Արցախում ընթացող պատերազմի անմիջական մասնակիցների, հնչեցնում է ոչ թե հայկական կողմը, ոչ թե Սիրիայի նախագահ Ասադը, ոչ էլ անգամ էմանուել Մակրոնը, այլ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը, որն ահազանգում է պատերազմում ներգրավված «հազարավոր արմատականների մասին»: Սերգեյ Նարիշկինը ռուսաստանյան քաղաքական վերնախավի ազդեցիկ դեմքերից մեկն է, և հասկանալի է, որ առանց բարձրագույն մակարդակով քաղաքական որոշման նա նման խնդիրների մասին չէր խոսի: Ենթադրում եմ, որ Նարիշկինի գերատեսչությունը Թուրքիայի կողմից բերված և Ադրբեջանի բանակում կռվող վարձկանների և ահաբեկիչների մասին նոր չէր իմացել. դրա մասին արդեն մի քանի օր է, որ խոսվում է: Երբ Մակրոնն էր այդ ակնհայտ փաստը նշել, Ալիևը խիստ վիրավորվել էր և Ֆրանսիայի նախագահից ներողություն էր պահանջում: Հասկանալի պատճառներով՝ ռուսաստանյան հետախուզության հնարավորություններն այս տարածաշրջանում ավելի շատ են, քան, ասենք, Ֆրանսիայինը կամ որևէ այլ երկրինը: Բայց Մոսկվան լռում էր, և դրա պատճառն, ըստ երևույթին, այն էր, որ այնտեղ ուզում էին տեսնել, թե ինչպես են իրադարձությունները ծավալվում ռազմաճակատում: Եթե Ադրբեջանին, Թուրքիային և վերը թվարկած ջոկատներին հաջողվեր ներխուժել Արցախ և զբաղվել իրենց «սովորական» գործով (մորթելով և գլուխ կտրելով), ապա Ռուսաստանի, ինչպես նաև այլ տարածաշրջանային ու միջազգային խաղացողների մոտեցումն այլ կլիներ: Բայց, ինչպես տեսանք, ներխուժումը ֆանտաստիկայի ոլորտից է: Հիմա արդեն կարելի է «բաց տեքստով» խոսել ահաբեկիչների վտանգի մասին: Այստեղից պարզ հետևություն՝ բոլոր տեսակի քաղաքական, դիվանագիտական, բարոյական գնահատականներն ու մոտեցումները պայմանավորվում են միայն մեկ գործոնով՝ մեր բանակի հմուտ գործողություններով, մեր տղաների հերոսական պայքարով: Իհարկե, այդ պայքարի արդյունքները պետք է ամրապնդել այլ ճակատներում: Բայց ամեն ինչի բանալին մեր զինվորների ձեռքին է՝ նրա՛նք են մեզ հնարավորություն տալիս գլուխներս բարձր պահել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր