211652_close_icon
views-count12806 դիտում article-date 14:17 07-10-2020

Հայկական կողմը կոչ է արել Իրանին թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել Արաքսը. News.am

Հայկական կողմը կոչով դիմել է Իրանին` թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել սահմանային Արաքս գետը: Այս մասին հոկտեմբերի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/606572.html]News.am[/url]-ը։ Նրա խոսքով` մարտերը շարունակվել են անցած գիշեր եւ այսօր առավոտյան: Մարտերի ընթացքում թշնամին փորձել է ուժ կուտակել Արաքսի հովտում եւ անցնել հարձակման: Հետախուզությունը ժամանակին բացահայտել է հակառակորդի գործողությունները, եւ ճշգրիտ հրթիռային հարված է հասցվել: Չեզոքացվել է լավ զինված երեք բրիգադ, ամբողջ խմբավորումը ոչնչացվել է: Հակառակորդը տասնյակ դիակներ եւ մեծ թվով զրահամեքենաներ է թողել մարտի դաշտում, այդ թվում` չվնասված: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, ադրբեջանական ստորաբաժանումները փորձում են օգտվել Արաքս սահմանամերձ գետից, այդ կապակցությամբ հայկական կողմն Իրանին կոչ է արել թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել գետը: Հովհաննիսյանը հայտնել է, որ եղել են նաեւ այլ դիպուկ հարվածներ, այդ թվում` նավթամթերքի բազայի ուղղությամբ: Դրա կողքին զորամասն էր, ոչնչացվել է հակառակորդի շուրջ 200 զինվոր: Հայկական ուժերը բարելավել են իրենց դիրքերը հյուսիսային ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, մարտերը շարունակվում են: Միաժամանակ, հակառակորդը շարունակում է գնդակոծել Ստեփանակերտը եւ Արցախի այլ բնակավայրեր: «Մեր զինված ուժերը դժվարին մարտերում վստահ հաղթանակներ են տանում` չնայած նրան, որ հակառակորդը մեծ ուժեր է ներգրավում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր