211652_close_icon
views-count2238 դիտում article-date 22:34 12-10-2020

Շրջակա միջավայրի ոչնչացում կորոնավիրուսի ընթացքում. նոր ուսումնասիրությունը բացահայտել է բնությանը վնասելու դեպքեր Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Պրահա- Ներդրողների օգտին օրենքի փոփոխություն, վիճելի նախագծերի հանկարծակի հաստատում, հիդրոէլեկտրակայանների ապօրինի կառուցում, ապօրինի անտառահատումներ, քաղաքացիական ակտիվիստների հետապնդում: Սրանք COVID-19 պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների ընթացքում մարդու իրավունքների խախտումների և շրջակա միջավայրի բաղադրիչների խաթարման ընդամենը մի քանի օրինակներ են: Չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը և այլ երկրներից նրա գործընկերները հրապարակել են  նոր՝ «Կորոնավիրուսի համավարակի պայմաններում շրջակա միջավայրի ոչնչացում» ուսումնասիրությունը, որում ներառված  է բնապահպանական արդարության խախտման 15 դեպք: Այս հրապարակման մեջ ներկայացված են ապացույցներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են որոշ երկրների կառավարություններ և պետական մարմիններ չարաշահել COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակը և շեղել հասարակության ուշադրությունը, իսկ արտակարգ ռեժիմի անցնելը թուլացրել է քաղաքացիների՝ կարևոր հարցերի լուծմանը, քննարկումներին, հանդիպումներին կամ բողոքներին լիարժեք մասնակցելու հնարավորությունը։ «Բացի քաղաքացիների առողջության և տնտեսության համար ակնհայտ հետևանքներից, համաշխարհային համավարակը նաև էականորեն հարվածել է  բնապահպանությանը և շրջակա միջավայրին, էլ չենք խոսում մարդու իրավունքների և պակաս տեսանելի դեպքերի մասին», - ասել է «Առնիկայի» քաղաքացիների աջակցության կենտրոնի նախագահ Մարտին Սկալսկին: Բացի այդ, որոշ մասնավոր ընկերություններ օգտվեցին համավարակի պայմաններից և ձեռնարկեցին այնպիսի գործողություններ, որոնք վնասում են շրջակա միջավայրը: Օրինակ, Ուկրաինայի Դնեպր քաղաքում գտնվող ջերմաէլեկտրակայանը միանգամից շահագործում էր երկու էներգաբլոկն առանց էլեկտրաստատիկ նստվածքների, ինչն ակնհայտորեն հակասում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) եզրակացությանը: Բոսնիա և Հերցեգովինայում «Srbinjeputevi» ընկերությունը սկսել է հիդրոէլեկտրակայանի կառուցում ընդհանրապես առանց  թույլտվության: Մոլդովայում ծառերի ապօրինի հատումները լայն տարածում ստացան խորհրդարանի կողմից հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում, ինչը վատթարացրեց առանց այն էլ նոսրանտառ երկրի իրավիճակը։ Չնայած որոշ խախտումներ վերաբերում են եզակի դեպքերի, մյուսները ներկայացնում են ուժեղացված ջանքեր` ուղղված շրջակա միջավայրի համակարգային դեգրադացիային/վնասմանը: «Հայաստանում համավարակի ընթացքում փորձ է արվել ընդունել նոր օրենք, որը սահմանափակում է հասարակության լայն զանգվածներին տեղեկատվության տրամադրումը, հակասում է Օրհուսի կոնվենցիայի՝ տեղեկատվության մատչելիությանը, հասարակության մասնակցությանը և բնապահպանական հարցերին վերաբերյալ արդարադատության մասնակցությանը: Շնորհիվ հասարակական կազմակերպությունների ճնշման, օրենքը սակայն չընդունվեց: Հունաստանն օրենք է ընդունել, որը թուլացնում է բնապահպանական չափանիշները, իսկ Չեխիայի Հանրապետության կառավարությունը պատրաստում է Շինարարության մասին նոր օրենք, որը մեծ ներուժ ունի ճնշելու  տեղական ինքնակառավարման մարմինների, սեփականատերերի և բնապահպանների իրավունքները: Սլովենիան երեք օրենքներում փոփոխություններ է կատարել, որոնք քաղաքացիների մեծամասնությանը զրկում են կարևոր որոշումներ կայացնելիս կարծիք արտահայտելու իրավունքից», - բացատրում է Առնիկայից Մարտին Սկալսկին: «Խորհրդային Միության նախկին երկրներում որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունը դեռևս դիտվում է որպես որպես ժողովրդավարացման կողմնակի ազդեցություն, որն սկսվեց երկաթե վարագույրի բացմամբ», - նոր ուսումնասիրության առաջաբանում գրել է Օրհուսի կոնվենցիայի բյուրոյի նախկին անդամ Լուկաշ Պոկորնին: «Այնուամենայնիվ, ԵՄ անդամակցությունը միայն մասնակի ապահովագրություն է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների դեմ` քաղաքացիների կամքի արտահայտման ոլորտում: Բելառուսի նման ամբողջատիրական պետությունների հետ մեկտեղ, իրավախախտումների ցուցակում հայտնվել են նաև ավելի զարգացած և հարուստ պետություններ, ինչպիսիք են Չեխիան կամ Սլովենիան», - նշել է  Պոկորնին: «Առնիկան» ընդգծում է, որ նկարագրված դեպքերը խախտում են Օրհուսի միջազգային կոնվենցիայի բնապահպանական ժողովրդավարության նորմերը: Օրհուսի՝ կանոնների պահպանման կոմիտեն հայտարարություն է տարածել Օրհուսի կոնվենցիայի կիրառման մասին COVID-19 համավարակի և տնտեսական վերականգնման փուլում, որում ասվում է. «Նույնիսկ ճգնաժամի դեպքում, ինչպիսին է COVID-19 համավարակը, անհնար է անտեսել Կոնվենցիայում սահմանված հիմնարար իրավունքները: Ըստ այդմ, երկրները չեն կարող արդարացնել Կոնվենցիայի օրենքների որևէ փոփոխություն՝ վկայակոչելով COVID-19 համավարակը կամ տնտեսության արագ վերականգնման անհրաժեշտությունը»: «Շրջակա միջավայրի ոչնչացումը կորոնավիրուսի ընթացքում» կարող եք ներբեռնել այստեղ՝ [url=https://www.google.com/url?sa=D&q=https://english.arnika.org/publications/environmental-destruction-in-the-time-of-coronavirus&ust=1602610500000000&usg=AOvVaw1x5UCm4S9iVFGKy7lLCqzW&hl=ru&source=gmail]Անգլերեն՝ [/url] [url=https://www.google.com/url?sa=D&q=https://english.arnika.org/publications/environmental-destruction-in-the-time-of-coronavirus&ust=1602610500000000&usg=AOvVaw1x5UCm4S9iVFGKy7lLCqzW&hl=ru&source=gmail]Ռուսերեն՝ [/url]

Նմանատիպ նյութեր