211652_close_icon
views-count624 դիտում article-date 23:40 15-10-2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանը, լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելով Արցախի ժողովրդի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը ու կենսական ենթակառուցվածքները, իրականացնելով իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններ, ի ցույց է դնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի բնակչությանը ֆիզիկապես բնաջնջելու իր իրական նպատակները: Նախարարը երախտագիտություն հայտնեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ կազմակերպության հետևողական դիրքորոշման համար: Երկուստեք խստորեն դատապարտվեց Ադրբեջանի՝ արտատարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի ոտնահարմանն ուղղված գործողությունները:

Նմանատիպ նյութեր