211652_close_icon
views-count2443 դիտում article-date 16:28 16-10-2020

ՀԲԸՄ-ը հանգանակել է 5 մլն ԱՄՆ դոլար «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար և կրկնապատկել է այն

#Aid4Artsakh նվիրատվությունների կրկնապատկման դրամահավաք արշավի նպատակն էր վեց շաբաթվա ընթացքում Արցախի և Հայաստանի համար 5մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ հավաքելը, և ՀԲԸՄ-ը պարտավորություն էր ստանձնել կրկնապատկելու ստացված գումարը մինչև 5 մլն դոլարը։ Սակայն հայկական աշխարհի տարբեր անկյուններից ստացված արագ և մեծաքանակ նվիրատվությունների շնորհիվ նշաձողին հասանք 4 օրվա ընթացքում, ինչի հետևանքով դրամահավաքի կրկնապատկման բաղադրիչը ավարտվեց հոկտեմբերի 9-ի կեսգիշերին։ Այս պահին հավաքվել է 5 400 000 ԱՄՆ դոլար։ ՀԲԸՄ-ը իր կողմից ավելացրել է 5 000 000 ԱՄՆ դոլար և 10 400 000 ԱՄՆ դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Ստացված նոր նվիրատվությունները ևս կփոխանցվեն հիմնադրամին, սակայն արդեն չեն կրկնապատկվի: Այս նախաձեռնության արդյունքում հավաքված գումարները ուղղվելու են քաղաքացիական բնակչության կենսական կարիքների ապահովմանը, մարդասիրական օգնության և կյանքեր փրկող շտապ օգնության սարքավորումների ձեռքբերմանը: -Զանգվածային օգնության այս ակնթարթային և բնական արձագանքը հզոր և սրտագին ուղերձ է վտանգի տակ գտնվողներին և այն մարդկանց, որոնց ընտանիքի անդամները պաշտպանում են իրենց ազգն ու հայրենիքի սահմանները: Այդ ուղերձն է՝ «Դուք մենակ չե՛ք, մենք ոտքի ենք կագնում իբրև մեկ ՀԱՅ ԱԶԳ»,- ասում է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, արձագանքելով լուրին, նշել է․ «Խոսքեր չենք գտնում մեր շնորհակալությունը հայտնելու ՀԲԸՄ-ին՝ սեփական միջոցների հաշվին այս նվիրատվությունների կրկնապատկման նախաձեռնության, ինչպես նաև իր աշխարհասփյուռ հաղորդակցության զինանոցը գործի դնելու հետևանքով հին ու նոր, մոտիկ և հեռու նվիրատուների հետ գերարագ կապ հաստատելու համար։ Արցախում և Հայաստանում մարդասիրական օգնությունը շարունակելու նպատակով առաջին անգամ կամ նորից նվիրատվություն կատարել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունները կատարել himnadram.org կամ agbu.org/aid4artsakh կայքերին։

Նմանատիպ նյութեր