211652_close_icon
views-count4815 դիտում article-date 10:28 22-10-2020

Ակնկալում եմ, որ նախկին նախագահները կօգտագործեն իրենց փորձն ու կապերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արցախի հարցն այս պահին և մոտ ապագայում քաղաքական (դիվանագիտական) լուծում չունի, որովհետև Ադրբեջանը մեզնից լիակատար կապիտուլյացիա է պահանջում: Այժմ զինադադար հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը կարծում է, որ կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով: Անգամ կարճատև հրադադար հնարավոր չէ՝ նույն պատճառով, ինչպես նաև՝ ելնելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը չի ուզում բացահայտել իր զոհերի քանակը, ինչպես նաև թաքցնում է, որ ոչնչացված մարդուժի մեջ կան թուրքական զինծառայողներ և վարձկաններ: Մեզ մնում է շարունակել պատերազմը՝ ներգրավելով նոր ուժեր ի դեմս կամավորականների: (Ի դեպ, կարելի է դրան զուգահեռ մտածել նաև համընդհանուր զորահավաքի մասին): Ահա այն ուղերձները, որոնք, իմ կարծիքով, պարունակում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը: Եթե փորձենք այլ կերպ ձևակերպել, ապա դա նշանակում է, որ մենք պետք է մարտական գործողություններում հասնենք այնպիսի հաջողությունների, որ Ադրբեջանը և Թուրքիան հասկանան՝ պատերազմը շարունակելն անիմաստ է, պետք է հաստատել հրադադար, այնուհետև զինադադար, իսկ դրանից հետո փորձել հարցերը լուծել բանակցային սեղանի շուրջ, ընդ որում՝ նրանք պետք է հրաժարվեն մեզ կապիտուլյացիայի վերջնագիր ներկայացնելուց: Մեր առջև դրված է ծանր, բայց սկզբունքորեն իրագործելի խնդիր, որն, իհարկե, հնարավոր է լուծել երկարատև, մեծ զրկանքներ և զոհեր պահանջող պատերազմով: Բայց դա, ինձ թվում է, չի նշանակում, որ արտաքին քաղաքական գործընթացները պետք է սառեցվեն: Հայաստանի նախագահի այցը Բրյուսել, արտգործնախարարի այցերը Մոսկվա և Վաշինգթոն, այդ շարունակվող աշխատանքի վկայությունն են: Թվարկած աշխարհաքաղաքական կենտրոններն, ըստ ամենայնի, անկեղծորեն ցանկանում են, որ պատերազմը Հարավային Կովկասում կանգ առնի, ուրիշ հարց, որ նրանք ի վիճակի չեն բավականաչափ ազդել Թուրքիայի վրա, որ այն հրաժարվի իր նկրտումներից: (Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց Թուրքիայի հավակնություններն են պատերազմի շարժիչ ուժը): Իսկ Հայաստանի դիվանագիտության խնդիրն է մեր դիրքորոշումն աշխարհին լսելի դարձնելը: Հենց քաղաքական գործընթացի շրջանակներում կարելի է դիտարկել Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահների հանդիպումը: Մեր հասարակության համար ուղերձը, կարծում եմ, պարզ է՝ այդ գործիչներն իրենց մեջ ուժ գտան մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, երբ հայրենիքին վտանգ է սպառնում: Դա, իհարկե, դրական, ողջունելի քայլ է նրանց կողմից: Իսկ բովանդակային առումով ես ակնկալում եմ, որ նախկին նախագահները կօգտագործեն իրենց փորձն ու կապերը՝ դարձյալ մեր ճշմարտությունը՝ աշխարհում որոշումներ ընդունողներին հասցնելու համար: Քաղաքական ճակատում նույնպես միասնական ջանքեր են պետք»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր