455 դիտում
10:35 24-10-2020
Առաջարկում եմ, որ մեր խոսքը մտածված և հավասարակշռված լինի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արդեն բազմիցս ասվել է, որ այս պահին լուծվում է ոչ միայն Արցախի, այլև ընդհանրապես հայկական պետականության հարցը: Դա զուտ քարոզչական կարգախոս չէ՝ դա իրականություն է. հաղթանակից հետո մենք կունենանք ավելի ուժեղ, տարածաշրջանի ու աշխարհի քաղաքական անցուդարձում ավելի ազդեցիկ դեր ունեցող պետություն:
Ես դեմ եմ պայմանական եղանակին՝ «եթե պարտվենք» բառերով սկսվող ենթադրություններին. ոչ մի «եթե» հարկավոր չէ, որովհետև պետք չէ քննարկել այն, ինչ չի կարող տեղի ունենալ: Հայոց պետականության գոյության հարցն այսօր լուծվում է առաջնագծում: Մենք, մնացածներս, հիմա ապրում ենք ոչ թե պարզապես Երևանում կամ հայաստանյան որևէ այլ բնակավայրում՝ մենք ապրում ենք ռազմաճակատի թիկունքում:
Դա նշանակում է մեր ուշքն ու միտքը պետք է լինի առաջնագծում գտնվողներին օգնելը: Այդ օգնությունն, իհարկե, կարող է արտահայտվել տարբեր ձևերով, բայց այս պարագայում ես ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ նրանց, ովքեր ինչ-որ բան ասում և գրում են՝ սկսած նախագահից և վարչապետից, վերջացրած ֆեյսբուքում «ստատուսներ» և մեկնաբանություններ գրողներով: Այսօր, ներողություն արտահայտությանս, ամբախ-զամբախ խոսելու ժամանակը չէ:
Հայերի 99 տոկոսից ավելին պատերազմի հետ կապված բոլոր հարցերում համակարծիք են, և դա հրաշալի է: Բայց երբեմն մեր տեքստերից կարող է սխալ տպավորություն ստեղծվել, որը, կարծում եմ, մեզ համար շահավետ չէ: Դրա համար ես առաջարկում եմ, որ մեր խոսքը մտածված և հավասարակշռված լինի, որպեսզի․․․
Տպավորություն չստեղծվի, որ մենք դեմ ենք Արցախի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին: Պարզապես մեթոդաբանությունը պետք է լինի հետևյալը. սկզբից անհրաժեշտ է, որ հաստատվի կայուն զինանադադար, դրանից հետո միայն հնարավոր են ցանկացած խնդրի շուրջ բանակցություններ:
Տպավորություն չստեղծվի, որ մենք չենք գնահատում մեր բարեկամների, առաջին հերթին Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները:
Տպավորություն չստեղծվի, որ ռազմական խնդիրները լուծելիս մենք հույսներս դնում ենք որևէ բարեկամի, այդ թվում՝ Ռուսաստանի վրա:
Տպավորություն չստեղծվի, որ մենք Հայաստանի ներսում ինչ-որ անհաղթահարելի հակասություններ ունենք: (Չնայած երբեմն, միասնականության մասին խոսելիս, ոմանք «մաքսանենգ ճանապարհով» փորձում են ներմուծել իրենց քաղաքական համակրանք-հակակրանքները):
Տպավորություն չստեղծվի, որ կորուստների ցավը մեզ մղում է անվերապահ պացիֆիզմի:
Տպավորություն չստեղծվի, որ մենք բացասական զգացմունքներ ունենք որևէ ժողովրդի հանդեպ: Արցախի և, հետևաբար, հայկական պետականության դեմ կռվում են ադրբեջանցիներ, թուրքեր, արաբներ, այլ ազգերի ներկայացուցիչներ, իսկ վարձկանների մեջ կարող են լինել անգամ եվրոպացիներ: Նրանք բոլորը զինված մարդիկ են, որոնք ոտնձգություններ են կատարում մեր սահմանների հանդեպ և պետք է ոչնչացվեն, իսկ ժողովուրդների հետ մենք խնդիր չունենք:
Այդ ամենի հետ հայերի ճնշող մեծամասնությունը, կրկնեմ, համաձայն է: Պարզապես հույզերի ազդեցության տակ մեր խոսքում անցանկալի երանգներ են սպրդում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1258 դիտում
15:40 04-04-2019
«Ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ մտածված ու զգույշ. Արթուր Վանեցյան. tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2700 դիտում
20:53 22-05-2021
Մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»