211652_close_icon
views-count6337 դիտում article-date 09:15 28-10-2020

Տասը չափել, մեկ կտրել, առավել ևս՝ պատերազմական իրավիճակում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ հակառակորդը էական թվային գերակշռություն ունի հայկական կողմի նկատմամբ։ Ուստի այս իրավիճակում հայկական կողմը հաղթանակի հասնելու համար պետք է կարողանա քիչ ռեսուրսներով մեծ խնդիրներ լուծել։ Եվ սա վերաբերում է ոչ միայն ռազմաճակատին, այլև դիվանագիտական հարթությանը։ Սակայն ռազմաճակատում և դիվանագիտական հարթակում հաջողություններ գրանցելու համար թիկունքի ամրությունն ուղղակի անհրաժեշտություն է։ Իսկ ամուր թիկունք ունենալու համար անհրաժեշտ է գրագետ և շատ կազմակերպված աշխատանք տանել հասարակության հետ։ Եվ որպեսզի հակառակորդի մոտ կասկած չմնա այն հարցում, որ հայ հասարակությունը միակամ է հաղթանակի հասնելու հարցում և այդ նպատակն իրականություն դարձնելու համար պատրաստ է գնալ մինչև վերջ, անհրաժեշտ է, որ պարբերաբար հանրային մոտիվացիան բարձրացնող ուղերձներ տրվեն։ Միևնույն ժամանակ, պետք է զերծ մնալ այնպիսի տեղեկության կամ գնահատականների հրապարակումից կամ շրջանառումից, որոնցում հասարակությանն այնպիսի որակումներ են տրվում, որ կարող է մարդկանց մոտ դժգոհության կամ հուսալքության տեղիք տալ։ Մյուս կողմից, իհարկե, պատերազմական իրավիճակում ոգևորությունն անհրաժեշտ է, սակայն հարկ է, որ այն չվերաճի էյֆորիայի, որի ժամանակ հանրությունն առաջնորդվում է իրականությունից կտրված պատկերացումներով։ Իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, էյֆորիան շատ արագ կարող է փոխարինվել հուսալքությամբ։ Ուստի հանրության հետ տարվող աշխատանքը այս մասով պետք է միտված լինի նրան, որ հանրային տրամադրություններում գերիշխի սթափությունը, երբ հասարակությունը կփորձի մոբիլիզացնել իր ներուժը և չի տրվի ավելորդ էմոցիաների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր