211652_close_icon
views-count16699 դիտում article-date 10:39 05-11-2020

Կա ևս մի գործոն, որը մոտեցնում է հաղթանակը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատերազմի առաջին փուլը, կարծես թե, ավարտվել է: Հակառակորդն, օգտագործելով օդում տեխնոլոգիական առավելությունները, ունեցավ որոշակի հաջողություններ, բայց նրա հարձակողական թափն, առայժմ, համենայնդեպս, կոտրվել է: Հաջողություններն էլ բավականին հարաբերական են, և բացարձակապես համաչափ չեն թափված ջանքերին ու ծախսված միջոցներին, իսկ ամենակարևորը՝ հայտարարագրված նպատակներին և ժամկետներին: Ոչ 24, ոչ էլ 48 ժամում Արցախը «գրավել» չհաջողվեց, և վաղ թե ուշ Ադրբեջանի քաղաքացիները հարցնելու են՝ «բա ի՞նչ եղավ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու խոստումը»: Կարծում եմ, բոլորի համար պարզ է, որ այդ նպատակն ընդհանրապես անիրագործելի է թե՛ ռազմական և թե՛ քաղաքական տեսանկյունից: Մյուս կողմից, ամենասխալ բանն է պատերազմի ժամանակ հակառակորդին թերագնահատելը՝ Էրդողանը և Ալիևը շատ մեծ խաղադրույք են դրել այս հակամարտության վրա, որպեսզի մոտ ժամանակներս իրենց նպատակներից հրաժարվեն: Ադրբեջանն ունի ներուժ համալրելու իր բանակը թե՛ նոր զինծառայողներով (ներառյալ թուրք հատուկ ջոկատայիններին և վարձկաններին), թե՛ զինտեխնիկայով, այդ թվում՝ Իսրայելից և Թուրքիայից ներմուծված: Կարծում եմ նաև, թուրք զինծառայողները, որոնք կռվում են Արցախում, պատշաճ պատրաստություն են անցել ՆԱՏՕ-ում: Այնուամենայնիվ, սպասվող մարտերում հայկական ուժերի շանսերն ակնհայտորեն գերադասելի են, մանավանդ որ մեր ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին միացել են լավ կազմակերպված, փորձառու, տեղանքը հրաշալի իմացող «հին կռված տղաների» ջոկատները: Այնպես որ՝ պատերազմի «վերջնական ելքի» վերաբերյալ ես ոչ մի կասկած չունեմ: Պարզապես պետք է տրամադրվել, որ դա կարող է երկար տևել: Ասելով «տրամադրվել», ես նկատի ունեմ, որ շաբաթներ կամ գուցե ամիսներ պատերազմական ռեժիմով պետք է ապրեն պետական կառույցները, տնտեսությունը, հասարակությունը, աշխարհասփյուռ հայությունը: Չհոգնել, չհիասթափվել, ամենօրյա գործն անել մշտական խանդավառությամբ՝ դա համեմատաբար հեշտ է անել նրանց, ովքեր արդեն մի պատերազմ տեսել են և դիմացել են շատ ավելի դժվար պայմաններին: Թող միամիտ կամ «իդեալիստական» չթվա, բայց վստահ եմ, որ կա ևս մի գործոն, որը մոտեցնում է հաղթանակը՝ այդ գործոնը ներքին համերաշխությունն է: Ոչ միայն մի կողմ թողնել թշնամանքը և կասկածամտությունը, այլև 10 միլիոն հայերով ջերմ և հոգատար լինել իրար նկատմամբ: Համոզված եմ, որ դա հզոր ուժ է: Ինչպես նշեց մեր սիրելի հոգևորականներից մեկը՝ մեր երկրին հաշտության օրակարգ է պետք: Իսկապես, դա է հաջողության բանալին»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր