3258 դիտում
13:38 25-11-2020
«Այո՛, ես ասում և պնդում եմ՝ Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր». Սեմյոն Պեգով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայտնի դարձած WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Սպուտին գործակալությանը տված հարցազրույցում կիսվել է պատերազմի վերաբերյալ իր տպավորություններով:
Մասնավորապես խոսելով Շուշիի պաշտպանության մասին՝ Պեգովն ասել է.«Ինչ վերաբերում է Շուշիին, ապա այո, ես ասում և պնդում եմ, որ դա ավելի շատ քաղաքական որոշում էր, այն պարզ պատճառով, որ պայմանավորվածության ստորագրման պահին Շուշիում շարունակում էին մնալ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Պատասխանատվություն չեմ վերցնի ասելու, որ քաղաքն ամբողջովին գտնվում էր Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ, դժվար է դա պնդել, որովհետև Ադրբեջանի զինված ուժերի ծառայողներ էլ կային այնտեղ: Բայց ստորագրման պահին քաղաքի համար կռիվ էր ընթանում, և դա ինձ համար անվիճելի փաստ է: Ես դա գիտեի, որովհետև նախ զանգահարում էի առաջնագծի տղաներին, և երկրորդ, նոյեմբերի 9-ի առավոտյան ժամը 5-ին, երբ ես եկա Շուշիից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող բարձունք, այնտեղ կար 400 հոգի, որոնք պատրաստ էին գնալ Շուշին «մաքրելու»:
Այդ դիրքից կարելի էր նույնիսկ նկարահանել, թե որտեղ են գտնվում Արցախի պաշտպանության բանակի զինվորները: Զինվորների ամենաքիչը երկու խումբ, թիվը պատասխանատվություն չեմ վերցնի ասելու, գտնվում էին Շուշի քաղաքի տարածքում: Դա նշանակում է, որ Ադրբեջանը նույնպես լիովին չէր վերահսկում քաղաքը: Ավելին, ինձ հայտնի է, որ նոյեմբերի 7-ին, երբ Ալիևը հայտարարեց Շուշիի գրավման մասին, այդ պահին քաղաքում գտնվում էին մի քանի դիվերսանտներ, որոնք իրոք կարողացել էին ներխուժել, զբաղեցնել որոշակի կետեր, այդ կետերից կրակ բացել ստորաբաժանումների, մեքենաների վրա:
Ինչ վերաբերում է հրամանատարներին. հիմա ես դժվար թե կարողանամ ազգանուններ նշել, գիտեմ, որ իրավիճակը լիովին վերահսկում էր Արցախի պաշտպանության նախարարը: Ես նրա հետ անձամբ չեմ շփվել, սակայն կապի մեջ եմ եղել նրա աշխատակիցներից մեկի հետ, և ինչպես ես եմ հասկանում, նա էլ ղեկավարում էր գործողությունները: Շուշիում էր նաև պաշտպանության փոխնախարարը: Նոյեմբերի 7-ին նա հաստատ Շուշիում էր: Իմ տեղեկությամբ՝ նոյեմբերի 7-ին քաղաքը «մաքրված» էր դիպուկահարներից:
Դրանից հետո մի շարք որոշումեր են ընդունվել, որոնք ըստ իս, ավելի շատ քաղաքական են, քան ռազմական: Ինձ համար հիմա դժվար է դատել ու գնահատել Հայաստանի ու Արցախի ղեկավարության որոշման ճշտությունը, որովհետև երևի միայն նրանք գիտեին, թե ինչքան պահուստ կար մարտական գործողությունները շարունակելու համար: Միգուցե ռեսուրսները վերջանում էին և իրավիճակը կարող էր էլ ավելի վատը դառնալ: Սրա վերաբերյալ ես արդեն հստակ բան չգիտեմ»,-ասել է Պեգովը:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
35635 դիտում
18:22 17-11-2020
Հայաստանի ԶՈւ մեկ կորպուսի աջակցությունը միանշանակ կկանխեր Շուշիի գրավումը․ Սեմյոն Պեգով
Այս բաժնից
892 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
895 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան