2040 դիտում
15:58 02-12-2020
Կիրակի օրերին Ստեփանակերտից դեպի Դադիվանք ավտոբուս է գնում՝ խաղաղապահների ուղեկցությամբ, և հոգևոր հայրերը հերթափոխով ծառայություն են մատուցում. Տեր Հովհաննես․ Tert.am
Կիրակի օրերը Ստեփանակերտից դեպի Դադիվանք ավտոբուս է գնում ուխտավորների հետ միասին, սահմանի մոտ խաղաղապահ զորքը գալիս է ուղեկցում մինչև Դադիվանք, գնում աղոթքներ են անում, վերադառնալուց էլ խաղաղապահ զորքը բերում է սահմանն անցկացնում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/02/Hovhannes/3459363?fbclid=IwAR1F6E-q5FgSiB4ovUYDFUW3RiVd-CGdt3PMh49BXI-dbXAUoVP0rpAoSNU]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Դադիվանքի վանահայր ժամանակավոր Սուրբ Երրորդություն եկեղեցի տեղափոխված Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Դադիվանքում հոգևոր հայրերը հերթափոխով իրենց ծառայությունն են մատուցում սարկավագների հետ միասին և հույս հայտնեց, որ խաղաղապահ զորքը կպահի, կպահպանի այդ ամենը: Տեր Հովհաննեսը հայտնեց, որ խաչքարերի մի մասը տեղափոխել են, բայց կան այնպիսիները, որոնք հենց եկեղեցու պատի մեջ են և մնացել են այնտեղ․ դրանք չեն տեղափոխել, որպեսզի չվնասեն թե՛ խաչքարերը, թե՛ պատը:
«Առայժմ ապահով է գնալը: Հուսով ենք, որ Աստված ամեն ինչ իր տեղը կբերի, սա մեր սխալների, բացթողումների, մեղքերի պատասխանն ենք ստանում»,- ասաց նա և նշեց, որ դեռ հարց է, թե թուրքը այսքանով բավարարվում է, թե մնացածն էլ է ուզում, ոչ մի երաշխիք չկա:
«Մենք չգիտենք մեր թշնամին ինչ է մտածում, իրենց սև ձեռագիրն են ցույց տալիս, իսկ աշխարհը լռում է, այսինքն՝ ես աշխարհից հույս չունեմ: Մենք պետք է միանանք, սիրո մեջ ամրանանք: Երբ պատերազմը սկսեց սեպտեմբերի 27-ին, Հայաստանում ժողովուրդը գրկաբաց ընդունեց ղարաբաղցիներին, սիրո մեջ ընդունեց, բայց այսօր այս հողերի նվիրաբերումից հետո մարդիկ ասում են` դե ղարաբաղցիք, գնացեք ձեր հողերը, մեր երեխեքը զոհվեցին…: Այս ամենը չարի գործն է, և ուզում են սեպ խրել ղարաբաղցու և հայաստանցու միջև, բայց մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք»,-ասաց նա:
Տեր Հովհաննեսը նշեց, որ ժողովրդի մեջ սեպ են խրում, ատելություն են սերմանում, որպեսզի կարողանան հեշտ տիրանալ ամեն ինչի և իրենց կատարած սև գործերը բարդեն ուրիշի վրա:
«Մեր ժողովուրդը այսօր հպարտ չէ, ժողովուրդը գլխիկոր է ման գալիս, ցավով եմ ասում: Քաղաքացին չի հասկանում` ով է այս սեպը խրում, ջուրը պղտորում, իսկ մենք չունենք լավ դիվանագետներ, որ կարողանան ճիշտ ճանապարհով տանել մեր ժողովրդին: Եկեղեցու նկատմամբ էլ կար ատելություն, եկեղեցականը արդեն չէր կարողանում դպրոց հաճախել, իսկ նախկինում անընդհատ գնում էր: Եկեղեցուն ուզում են պառակտել, բաժին-բաժին անել, որ կարողանան չար գործեր իրականացնել»,- ասաց նա և նշեց, որ սա հատուկ ծրագիր է, որին պետք է վերջ տրվի։
Տեր Հովհաննեսը նշեց, որ հոգևորականը միշտ եղել է իր ժողովրդի, իր զորքի և զինվորի հետ թե՛ պատերազմի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում: Հարցին, թե շատ ժամանակ, երբ եկեղեցու անհրաժեշտությունը լինում է, քաղաքացիներն ասում են, որ չեն զգում եկեղեցու ներկայությունը, արդյո՞ք արդարության հատիկներ չունի այդ քննադատությունը և դրա արդյունքում չի՞ ստեղծվել այս վիճակը, Տեր Հովհաննեսն ասաց, որ ովքեր հավատ չունեն եկեղեցու նկատմամբ, ամեն ինչ կարող են ասել, վարկաբեկել:
Ըստ նրա` այս ամենի լուծումը մեկն է` մարդիկ պետք է սիրեն իրար: «Մենք իրար չենք սիրում և ուզում ենք, որ այսօր թշնամին մեզ սիրի, ընդունի, հարգի: Մենք մեր մեջ պետք է սեր գտնենք, այդ սերը պետք է աստվածային լինի, ոչ թե ցուցադրական ու կեղծ, ոչ թե ցուցադրական գան եկեղեցի մկրտության, կամ պսակի, այլ սերը պետք է հոգու մեջ լինի: Եթե մենք չսիրենք իրար աստվածային սիրով, մենք ոչ մի տեղ ոչ մի բանի չենք հասնի, մենք պետք է միասնական լինենք և այդ սիրո մեջ ապրենք: Մեր ժողովրդի մեջ անչափ սեր կա, բայց պետք է ի մի բերել, հավաքել, ցրված է այդ սերը»,–ասաց նա:
Տեր Հովհաննեսի խոսքով՝ հողերի հարցը անհասկանալի ձևով լուծվեց, օրինակ՝ Քարվաճառի շրջանը սկուտեղի վրա մատուցվեց թշնամուն։ «Ինչի՞ համար, ո՞ր մեղքի, սխալի դիմաց, ինչի՞ դիմաց, եթե խաղաղության դիմաց էր, սա՞ է կոչվում խաղաղություն, այսօր Հայաստանի հողերն են ուզում, Գորիսից յոթ գյուղ են ուզել: Թուրքերը մեզ այսօր ծաղրում են, այն թուրքը, որ մեր անունը լսելուց վախենում էր, այսօր եկել մեզ է վախեցնում, ողբամ քեզ իմ հայ ժողովուրդ: Մենք այսպիսի վիճակում չենք եղել, հազարամյակներ մենք ենք թելադրել, եթե պարտվել ենք, ապա վերջին մարդը զոհվել է, որ նոր թուրքը մտել է: Այսօր հայ զինվորը լացելով է դուրս գալիս սահմանից, ասում է ինչո՞ւ եմ նահանջում, երբ իմ սահմանը պահել եմ»,-ավելացրեց նա:
Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/02/Hovhannes/3459363?fbclid=IwAR1F6E-q5FgSiB4ovUYDFUW3RiVd-CGdt3PMh49BXI-dbXAUoVP0rpAoSNU]սկզբնաղբյուր[/url] կայքում։
Նմանատիպ նյութեր
3380 դիտում
23:44 08-02-2021
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտից Դադիվանք են ուղեկցել 28 ուխտավորների
1855 դիտում
22:34 08-03-2021
Ռուս խաղաղապահները հայ ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք և Ամարաս
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից