211652_close_icon
views-count5158 դիտում article-date 19:49 05-12-2020

Հովհաննես Շահինյան. Նախաքննական մարմնին հայտնի է իմ գտնվելու տեղը, ես հասանելի եմ ու պատրաստ պատասխանել իրենց հուզող հարցերին

Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը՝ արձագանքելով իր նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշմանը, հանդես է եկել հայտարարությամբ: «Օրերս ինձ հայտնի դարձավ, որ Ոստիկանության հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչության քննիչները հետախուզում են հայտարարել իմ նկատմամբ, և սա՝ այն դեպքում, երբ վերջին 10 տարին մշտապես հաճախակի բացակայել եմ երկրից և երբևէ երկիր մուտք ու ելքի հետ կապված խնդիր չեմ ունեցել: Հստակ կարող եմ արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է իմ քաղաքական հայացքների ու իմ պայքարի վեկտորների՝ իշխանությունների համար ոչ ցանկալի կողմով ուղղվելու համար: Իշխանությունների՝ իմ անձի շուրջ «հետաքրքրությունն» առաջացել է այն ժամանակ, երբ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պայքար սկսեցի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար: Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում իմ՝ Հայաստանում գտնված ժամանակ ամեն անգամ պարտադիր ներկայացել եմ նախաքննական մարմնին, բացատրություն չեմ տվել, հիմնավորումներ չեմ լսել: Շուրջ 1.5 տարվա ընթացքում նախաքննական 3 մարմին է փոխվել իմ գործով՝ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և ՀԿԳ վարչություն: Օրերս փոխվել է նաև հերթական քննիչը: Ինչևէ: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ նախաքննական մարմնին հայտնի է իմ գտնվելու տեղը, հեռախոսահամարը, ես մշտապես հասանելի եմ ու պատրաստ պատասխանել իրենց հուզող բոլոր հարցերին: Ավելին, ինձ առաջարկվել է վաղեմության հիմքով կարճել քրեական գործը, ինչից հրաժարվել եմ՝ պնդելով, որ գործի քննությունը հասնի ավարտին: ՀՀ դեռևս գործող իշխանություններին ուզում եմ տեղեկացնել, որ այս քաղաքական հետապնդումներն անօգուտ են. պայքարել եմ և հետայսու ևս պայքարելու եմ իմ համոզմունքների ու սկզբունքների համար: Հարգանքով՝ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան»։

Նմանատիպ նյութեր