1260 դիտում
16:30 08-12-2020
ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է վերսկսվեն բանակցությունները, կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին. Լաքոտ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Ողջունելով հյուրին՝ Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին եւ բարեկամ ժողովրդին՝ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն եւ խնդրի լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն միտված ջանքերի համար: Նա ընդգծել է, որ պատերազմական գործողություններին Թուրքիայի անմիջական ներգրավումն ու վարձկանների մասնակցությունը փաստ էր, սակայն ի տարբերություն Ֆրանսիայի՝ քաղաքակիրթ աշխարհի կողմից որոշ դեպքերում այդ իրողությունը համարժեք չդատապարտվեց:
Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունումը: Դեսպանն իր հերթին նշել է, որ դա Հայաստանի նկատմամբ համերաշխության ուղերձ է եւ ունի քաղաքական մեծ նշանակություն:
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ ընդգծելով Ֆրանսիայի առանցքային դերակատարումը: Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է:
Դեսպանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կարեւորությանը, նշել է, որ դրանով, սակայն, բոլոր խնդիրներին լուծում չի տրվել եւ այս առումով կարեւոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Այդ ձեւաչափը, ըստ Ժոնաթան Լաքոտի, հնարավորություն է տալիս խոսելու երկու կողմերի հետ:
Դեսպանի խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ՝ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Դեսպանն անդրադարձել է նաեւ ռազմագերիների վերադարձի խնդրին:
Կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերին եւ ամուր համագործակցությանը տարբեր մակարդակներում:
Նմանատիպ նյութեր
1027 դիտում
20:09 30-03-2023
ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով. ԱԱԾ
976 դիտում
13:37 26-04-2023
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը