Հայաստանն ու Արցախը Երգչախմբային արվեստի միջազգային օրվա առթիվ ելույթները կնվիրեն պատերազմի հերոսներին
Երգչախմբային արվեստի միջազգային օրվա առթիվ Հայաստանն ու Արցախը հանդես կգան միջոցառմամբ, որը կնվիրեն արցախյան պատերազմի հերոսներին: Տեղեկացնում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի Ֆեյսբուքի էջը։
Տոնին մասնակցելու է 6 երգչախումբ Հայաստանից ու Արցախից, 7 երգչախումբ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսրայելից, Լիտվայից, Մոլդովայից, Շվեյցարիայից: Հայաստանն իր ելույթները նվիրելու է արցախյան պատերազմի հերոսներին:
Արվեստասերները տոնին կարող են հետևել դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուքյան էջերում:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է ամեն տարի դեկտեմբեր ամսին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո: Հարյուրավոր երգիչներ ամբողջ աշխարհից միանում են տոնին տարբեր համերգների, փառատոների, երգչախմբային սեմինարների և այլ միջոցառումների միջոցով: