211652_close_icon
views-count1297 դիտում article-date 16:29 23-12-2020

ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ցուցադրությանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ այսօր ՀՑԹԻ-ի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ ՀՑԹԻ-ի տնօրեն Հարություն Մարությանը Վ. Դումանյանին և Ն. Խաչատուրյանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնադրմանն ու 25-ամյա գործունեությանն առնչվող ցուցանմուշները: Ցուցադրությունը երկլեզու է (հայերեն, անգլերեն) և ներառում է տասնհինգ ենթախորագիր: Ժամանակավոր ցուցադրության առանձին ենթախորագրեր նվիրված են թանգարան-ինստիտուտի հրատարակություններին, թանգարանային ֆոնդերին ու գիտական գրադարանին, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններին, կազմակերպված գիտաժողովներին, հանրային դասախոսություններին: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհակալություն և գոհունակություն է հայտնել ինչպես ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, այնպես էլ թանգարան-ինստիտուտի՝ քառորդ դարի ընթացքում ծավալած հայանպաստ գործունեության համար: ՀՑԹԻ-ի աշխատակիցներին շնորհավորելով 25-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ թանգարան-ինստիտուտը՝ որպես 21-րդ դարի չափանիշներով գործող համահայկական և միջազգային կառույց, շարունակելու է իրականացնել Հայոց ցեղասպանության հիմնարար ուսումնասիրությանը, ճանաչելիությանը և դատապարտմանն ուղղված նախաձեռնություններն ու ծրագրերը: Ցուցադրության բացման արարողությունից հետո ՀՑԹԻ-ի մի շարք աշխատակիցներ ստացել են շնորհակալագրեր թանգարան-ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը նպաստելու համար: Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բացվել է 1995 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին: [b]Ցուցադրության մուտքն ազատ է, այն կգործի մինչև 2021 թվականի ապրիլ:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր