211652_close_icon
views-count1951 դիտում article-date 09:37 25-12-2020

Նախագահ Թրամփը ներում է շնորհել 26 դատապարտվածների, ներառյալ իր նախկին օգնականներին․ «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ ներում շնորհելով հանցագործությունների համար դատապարտված 26 անձանց, ինչպես նաև չեղարկել կամ նվազեցրել է ևս երեք ազատազրկվածների պատժաժամկետները: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է «Ամերիկայի ձայնը»։ Դոնալդ Թրամփի կողմից ներում շնորհվածների թվում են նրան մերձավոր մի քանի ամերիկացիներ, որոնք դարձել էին կարևոր դերակատարներ տարբեր հնչեղ հետաքննություններում: Նրանց թվում է 71-ամյա Փոլ Մանաֆորթը, ով նախկին լոբբիստ և քաղաքական խորհրդատու է և կարճ ժամանակ ղեկավարել է Թրամփի նախընտրական շտաբը 2016 թ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ: Նա նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության մասին Հետաքննության դաշնային բյուրոյի գործի հետաքննության մեղադրյալներից մեկն է: Հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի գլխավորությամբ հետաքննության արդյունքում Մանաֆորթը մեղադրվել էր 2018 թ-ին ՝ տասնյակ միլիոնավոր դոլարների լվացման համար: Այդ ժամանակ նա արդեն կամավոր հանձնվել էր իշխանություններին: Դատավարության ընթացքում Մանաֆորթը մեղադրվեց հարկային և այլ ֆինանսական հանցագործությունների մեջ, իսկ ավելի ուշ` Միացյալ Նահանգների դեմ դավադրության: Նա դատապարտվեց գրեթե յոթ ու կես տարվա ազատազրկման, որից անազատության մեջ մնաց մոտավորապես երկու տարի: Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ ՝ Փոլ Մանաֆորթը «դարձել է ամենաակնհայտ զոհերից մեկը Ամերիկայի պատմության մեջ թերեւս ամենամեծ վհուկների որսի արդյուքում»: Մեկ այլ ներում ստացածներից է 68-ամյա Ռոջեր Սթոուն կրտսերը, որը ներգրավված է եղել աղմկահարույց դատավարությունների մեջ ու նախկինում համարվում էր Դոնալդ Թրամփի մտերիմ ընկերը: Հատուկ հետաքննող Մյուլերի հետաքննության արդյունքում նրան նույնպես մեղադրանք էր առաջադրվել յոթ կետերով: Նա դատապարտվել էր քառասուն ամսվա ազատազրկման: Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունը նրան ներկայացնում է որպես «բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող» մարդ, ում նկատմամբ վարվել են շատ անարդար և կողմնակալ: Նախագահի ներում շնորհելու հրամանագիրը ներառել է նաև Չարլզ Քուշներին, ով Թրամփի փեսա և գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հայրն է: Նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման՝ 2004 թ. մեղավոր ճանաչվելով հարկերից խուսափելու 18 մեղադրանքների շրջանակում, ինչպես նաև կեղծ վկայության և անօրինական նվիրատվությունների մեղադրանքով: Հետաքրքրական է, որ Չարլզ Քուշների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող անձը Քրիս Քրիստին է, ով եղել է Նյու Ջերսիի նահանգապետը և հանդիսացել է նաև Թրամփի խորհրդականը: CNN- ը մեջբերում է Քրիստիի խոսքերը, ըստ որոնց Չարլզ Քուշների գործը «ամենաահավոր, զզվելի հանցագործություններից մեկն է», որով նա զբաղվել է:

Նմանատիպ նյութեր