1499 դիտում
18:20 26-12-2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է իշխանությունների կողմից ՀՀ ՄԻՊ ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից:
Ատելության խոսքի, սպառնալիքների և վիրավորանքի տարածումն ինքնին խստորեն դատապարտելի է: Այն խարխլում է իրավական պետության հիմքերը և առավել վտանգավոր է, երբ կազմակերպվում և ուղղորդվում է սահմանադրական ինստիտուտի՝ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ:
Հարկ է ընդգծել, որ ըստ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման՝ հաստատության գործունեությունը սոցիալական մեդիայի կեղծ օգտահաշիվներից պարբերաբար ենթարկվում է ուղղորդված հարձակման: Ավելին, առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից: Այս մտահոգությունը փաստում են նաև վերջին օրերին քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հրապարակային հայտարարությունները՝ ակնհայտորեն միտված Մարդու իրավունքների պաշտպանի դերի և գործառույթների վերաբերյալ թյուր ընկալումներ ձևավորելուն:
Նման ուղղորդված գործելաոճը հատկապես դատապարտելի է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պարտավոր է իր լիազորությունների առավելագույն ծավալով ձեռնամուխ լինել պետության առջև ծառացած առաջնահերթ խնդիրների լուծմանը: Փոխարենը, սակայն, «իշխանական ռեսուրսները» լծված են սահմանադրական առաքելությանը հավատարիմ, ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում բարձր հեղինակություն վայելող և կայացվածության բարձր աստիճան ունեցող եզակի կառույցներից մեկին թիրախավորելուն:
Այս ամենը վկայում է, թե քաղաքական իշխանությունն ինչպիսի վերաբերմունք ունի առհասարակ երկրում մարդու իրավունքների համակարգի և այդ համատեքստում առկա մարտահրավերների հաղթահարման, ինչպես նաև սեփական պատասխանատվության և աշխատանքի առաջնահերթությունների վերաբերյալ: Ցավալի է, որ քաղաքական առաջնահերթությունները որևէ աղերս չունեն պետությանը և ժողովրդին հուզող օրհասական խնդիրների հետ:
Սա ոչ միայն չի կարող նպաստել երկրում իրավիճակի կայունացմանը, այլև խոչընդոտում է առկա օրհասական խնդիրների, այդ թվում՝ քաղաքական իշխանության անմիջական պատասխանատվության և իրավասության ներքո գտնվող խնդիրների լուծմանն ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ ջանքերին:
Դատապարտում ենք քաղաքական իշխանության նման գործելակերպը, պահանջում ենք գիտակցել սեփական կարգավիճակը և դրանից բխող պարտականությունները, ինչպես նաև ձեռնպահ մնալ Մարդու իրավունքների պաշտպանի անկախ ինստիտուտի գործունեությանը ցանկացած անօրինական միջամտությունից»:
Նմանատիպ նյութեր
4282 դիտում
18:58 14-02-2020
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի հայտարարությունը՝ ԱԱԾ այսօրվա հաղորդագրության վերաբերյալ
1308 դիտում
19:16 16-12-2022
«Անհապաղ ձեռնամուխ լինել Արցախի ճանաչման գործընթացին». ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդ
Այս բաժնից
1060 դիտում
22:52 25-10-2024
Արման Խաչատրյանը նշանակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան
907 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ