211652_close_icon
views-count1615 դիտում article-date 20:55 27-12-2020

Արման Թաթոյան. Պարոն Բեգլարյանը նվիրված աշխատանքով ցույց տվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ապահովում է իրական արդյունք

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ Արցախի մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանին՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նոր պարտականություններ և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ: Սա առաջին հերթին շնորհավորելու առիթ է Արցախի նախագահին ու Արցախի կառավարման ողջ անձնակազմին, որ այս կարևոր առաքելությունը ստանձնել է հենց պարոն Բեգլարյանը՝ մարդ, ով ունի սկզբունքային ու առաքինի կեցվածք, անսահման աշխատասիրություն, գերմարդկային կամքի ուժ և որ մեր օրերի բացառիկ կարևորության հարց է՝ պետական մտածողություն ու պետականության արժեքի բարձր գիտակցում: Արցախում մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմանի) հաստատությունը այսօր կայացած կառույց է, ունի աշխատանքի բարձր նշաձող, որին հնարավոր է եղել հասնել Արցախի մարդու իրավունքների պաշտպանների զօրուգիշեր աշխատանքով: Սահմանադրական այս հաստատությունն է տարիներ շարունակ եղել ու շարունակում է մնալ Արցախի ժողովրդավարության այցեքարտը միջազգային ասպարեզում: Միջազգային հաջողությունների դրվագները բազմաթիվ են: Այսօրվա պես եմ զգում բարձր հպարտություն, երբ Ռուբեն Մելիքյանը 2017 թվականին Արցախի քաղաքացու անձնագրով մուտք գործեց Եվրախորհրդարանի շենք ու առաջին անգամ պատմության մեջ հանդես ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հատուկ ասուլիսով ու այն էլ արտասահմանցի պատգամավորի հետ համատեղ կամ Ռումինիայի խոհրդարանի շենքում նրա հատուկ ելույթը՝ չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակների պարոն Մելիքյանի հանդեպ ուղիղ սպառնալիքներին (ՀՀ ԱԳՆ-ն նույնպես տեղյակ էր): Բարձր հպարտության առիթ էին Արտակ Բեգլարյանի 2019 թվականի բարձրաստիճան խորհրդակցությունները Եվրոպայի խորհրդում, նրա դասախոսությունը Ստրասբուրգի համալսարանում: Հատուկ երախտագիտությամբ պետք է նշեմ, որ այս պատերազմի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ողջ անձնակազմը պարոն Բեգլարյանի գլխավորությամբ բացահայտեցին այդ հաստատության ողջ հմայքը՝ իրական գործով ու արդյունավետությամբ, գիշերուզօր,ամենաօպերատիվ աշխատանքով արձանագրող ադրբեջանական վայրագությունները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները: Հնարավոր չէ չհիշել պարոն Յուրի Հայրապետյանի կարևոր գործունեությունը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում, նրա փաստահավաք աշխատանքներն ու դիմումները միջազգային հանրությանը: Արցախի մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն էլ մեծ ուշադրություն են դարձրել նաև Արցախի կառավարությունից մարդու իրավունքների պաշտպանության հարցերին: Պարոն Բեգլարյանը նվիրված աշխատանքով ցույց տվեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ապահովում է իրական արդյունք, ունի ամենաբարձր պատասխանատվությունն ու արդյունավետ գործում է անգամ ամենածանր մարտահրավերների պայմաններում: Վստահ եմ, որ իրավապաշտպան առաքելությունը շարունակելու է կազմել նրա գործունեության առանցքը՝ ապահովելով Արցախում պետական ինստիտուտների կայացումը, բոլոր մարտահրավերների պատվով հաղթահարումը: Կասկած չունեմ, որ Արցախի կառավարման ողջ համակարգը միայն շահելու է այս կարևոր հանձնառությունը վստահելով հենց պարոն Բեգլարյանին՝ ապահովելով ամուր կապ, վստահության հարաբերություններ քաղաքացիների ու պետության միջև»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր