211652_close_icon
views-count3444 դիտում article-date 21:38 30-12-2020

Շուրջ 2 ամիս կոմայի մեջ. Պատերազմում վիրավորված մարզիկը բուժման շանսեր ունի արտասահմանում. Armsport.am

Սամբոյի 2018 թվականի Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող, արցախցի Սերգեյ Կարապետյանը շուրջ երկու ամիս է, ինչ կոմայի մեջ է: 24-ամյա մարզիկը ծառայում է Արցախի ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատում: Արցախյան պատերազմի սկսվելուց 1 օր առաջ Սերգեյը Երևանում էր, եկել էր մասնակցելու Սամբոյի Հայաստանի առաջնությանը, սակայն պատերազմի մասին լուրը լսելուն պես շտապել է Արցախ՝ մեկնելով ռազմաճակատ, հայտնում է [url=https://armsport.am/2020/12/30/%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb-2-%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bd-%d5%af%d5%b8%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%bb-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%be%d5%ab%d6%80/]Armsport.am[/url]-ը: Սերգեյի մայրը՝ տիկին Նարինեն ամեն վայրկյան վերակենդանացման բաժանմունքի մուտքի մոտ է՝ բժիշկներից սպասում է տղայի մասին լավ լուրի: «Պատերազմի մասին լուրը լսելուն պես Սերգեյը եկավ Արցախ, փոխվեց ու միանգամից ճանապարհ ընկավ: Վերջին անգամ իր հետ խոսել եմ վիրավորվելու օրը՝ դեպքից մեկ ժամ առաջ: Կռվի դաշտից էլ մտածում էր մեր մասին․ ասում էր՝ մամա փող կա՞, փող ուղարկե՞մ: Ասում էր՝ քեզ ինչ պետք է գնա առ, ես կուղարկեմ գումարը, ամեն ինչ լավա լինելու ասում էր, մի վախեցեք, հանգիստ եղեք»,-արցունքները զսպելով պատմում է Սերգեյի մայրը: Սերգեյը վիրավորվել է նոյեմբերի 3-ին՝ Սղնախ գյուղում՝ Շուշիի պաշտպանության համար մարտերի ընթացքում: «Առաջին անգամ, երբ ականանետը խփել է իրեն, մատն է վիրավորվել: Ընկերները եկել են Սերգեյին տեղափոխել այլ վայր, և հենց այդտեղ էլ երկրորդ ականանետն է խփել, որից երկու հոգի մահացել են ու շատերը վիրավորվել, բայց ամենածանրը վիրավորվել է Սերգեյը: Շտապ տեղափոխել են Ստեփանակերտ, այնուհետև Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն: Մի քանի անգամ անցել է գլխի վիրահատություն: Սերգեյը իմ միջնեկ տղան է: Մեծ տղաս նույնպես մասնակցել է: Մենք ապրում ենք Ստեփանակերտում: Ես պատերազմի սկսվելուց հետո դեռ չեմ գնացել Արցախ: Մեզ բերեցին Երևան՝ ինձ ու փոքր տղայիս, ասեցին՝ մամա, էստեղ մնացեք, որ մենք հանգիստ պատերազմում մեր գործն անենք ու ձեր անվտանգության մասին չմտածենք»,-պատմում է տիկին Նարինեն։ Տիկին Նարինեի խոսքով՝ այստեղ Սերգեյը մեծ ուշադրության կենտրոնում է, ինքն էլ չէր սպասում նման վերաբերմունք. «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել վիրահատող բժիշկ Արմեն Պարգևիչին և «Նաիրի» հիվանդանոցի ամբողջ անձնակազմին: Այսպիսի ուշադրություն կյանքում չէի պատկերացնի, իրենց երեխու պես ուշադիր են: Մինչև հիմա Սերգեյն անշարժ վիճակում պառկած է, և պիտի տանենք արտասահման: Ամուսինս խոսել է տնօրենի հետ, և նա էլ ասել է, որ ամենաճիշտ տարբերակը դա է: Այստեղի բժիշկներն էլ իրենցից կախված ամեն ինչ անում են: Պատկերացնում եք, տաքսու վարորդը գալիս է և մեզ օգնություն է բերում: Բոլորն ուշադիր են մեր հանդեպ: Բոլորից անչափ շնորհակալ եմ, նման վերաբերմունքն իրոք անհավատալի է»-ասում է Սերգեյի մայրը: Սերգեյի առողջական վիճակը հիմա կայուն է: Մարմնի վրա ոչ մի վնասվածք չկա, լրիվ առողջ է, միայն գլխուղեղն է վնասված: Սամբոյի Եվրոպայի չեմպիոնին ոտքի կանգնելու համար անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հունաստան, կամ Իսրայել: «Մեզ օգնություն է ցուցաբերվել և դեռ շարունակվում է: Ամուսինս հանդիպել է Արցախի նախագահի հետ: Կլինի նաև կառավարության կողմից աջակցություն, և հուսով ենք, որ մի քանի օրից Սերգեյին կկարողնանք տեղափոխել արտասահման՝ բուժումը շարունակելու: Եթե գլխուղեղը վերականգնվի, հետո արդեն պլաստիկ վիրահատություններ են պետք անել: Հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի: Կցանկանայի, որ ոչ մի ծնող չտեսներ սա, ինչ մենք ենք տեսնում»,-ասում է վիրավոր Սերգեյ Կարապետյանի մայրը: Մանրամասները՝ [url=https://armsport.am/2020/12/30/%d5%b7%d5%b8%d6%82%d6%80%d5%bb-2-%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bd-%d5%af%d5%b8%d5%b4%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%bb-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%be%d5%ab%d6%80/]Armsport.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր