43438 դիտում
00:19 02-01-2021
Այսօր Արցախի հերոս «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր, Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
Այսօր Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։
Շահեն Զինավորի Մեղրյան («Շահումյանի արծիվ», հունվարի 2, 1952, Գյուլիստան, Շահումյանի շրջան - ապրիլի 17, 1993), հայ հրամանատար, Արցախյան ազատամարտի մասնակից։ «Արցախի հերոս» (2014 թվականի հոկտեմբերի 24)։ Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։
Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1969 թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ 1975 թ. ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան։
Սկզբում աշխատել է որպես տնտեսագետ, ապա շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար։
1981-1988 թթ. եղել է պահածոների գործարանի տնօրեն, 1988-1991 թթ.` Ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-1992 թթ. շրջանի շրջկոմի նախագահ և առաջին քարտուղար:
Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988 թ.:
Շահեն Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել զինված ջոկատներ: 1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը:
1990 թ. հունվարի 9-ին շրջանի ղեկավարությունն ամբողջությամբ գերի է վերցվել թշնամու կողմից` Մարտունաշենի ճանապարհին։
Շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի է ունեցել Մանաշիդ գյուղում, 1990 թ. հունվարի 12-13-ին, երբ ազերիները փորձել են գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ են շպրտել նրանց գյուղի սահմաններից։
Թշնամին մեծ կորուստներ է ունեցել այդ մարտում։1991 թվականին «կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։
1991 թ. հունիսին ազերիները, ռուսների օգնությամբ, գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ։
1991 թ., Շահենը՝ իր ջոկատների հետ կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։
Այդ օպերացիան առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով, գրավված տարածքներն ազատագրել։
1991 թ. նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը։
Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով, եղել են ընդհարումներ։
1992 թ.հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել մի խումբ տղաներ՝ թվով 25 հոգի և այդ տղաների հետ մտավ թշնամու թիկունք։
Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։
Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մադաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը:
Գյուրան բոյի պարտությունը Սարսանգի ջրամբարի մոտ, թե ինչպես էին ազերիները խուճապահար փախչում, նկարահանել է օպերատոր Նևզորովը և ցուցադրել ՌԴ հեռուստաալիքներով։
Այդ հաղթանակը Շահենինն էր ու իր հայդուկներինը։
1993 թ. ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը և գրավեցին դեպի շրջան տանող բոլոր բարձունքները։
Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը։
1993 թ. մարտի 11-ին ՀՀ ՊՆ կողմից ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։1993 թ. ապրիլի 17-ին, երբ ուղղաթիռով իր մի քանի տղաների հետ Շահենը գալիս էր Երևան, ուղղաթիռը խփվել է և բոլորը զոհվել են։
1993 թ. հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով N զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+