211652_close_icon
views-count21513 դիտում article-date 16:19 05-01-2021

Քաշաթաղում տունը կորցրած 58-ամյա բժշկուհին, ով բազմաթիվ կյանքեր է փրկել, առողջական խնդիրներ ունեցող զինվոր տղայի հարցով դիմում է Արցախի նախագահին և արտգործնախարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղում 20 տարուց ավելի բնակվող, միայնակ 4 երեխա մեծացրած, մասնագիտությամբ բժշկուհի, 58-ամյա Ալիսա Հովսեփյանը, ով վերջին պատերազմից հետո ժամանակավորապես բնակվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ նկուղային տարածքում, մի քանի օր է, փորձում է Արցախի Հանրապետության կառավարությունից օգնություն ստանալ, ոչ թե նյութապես, այլ՝ բարոյական: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Հովսեփյանը հուզված ասում էր. «Միայնակ մեծացրել եմ 4 երեխաներիս: 18-ամյա տղաս՝ Արմեն Ինկինը այս տարվա օգոստոսի 24-ին գնաց բանակ և ծառայության անցավ Արցախի Հանրապետության Մարտունի 3-ում: Նա, որ ուներ առողջական խնդիրներ և կարող էր ազատվել ծառայությունից, գերադասեց բանակ գնալ: Ասում էր՝ մամ ջան, ճիշտ է, առողջական խնդիրներ ունեմ, բայց կարում եմ քայլել: Ումի՞ց եմ պակաս, որ չգնամ բանակ: Ես էլ մյուս տղերքի նման պարտավոր եմ հայրենիքիս հանդեպ պարտքս կատարել: Պատերազմի օրերին էլ այնտեղ է եղել: Մի քանի օր առաջ տեղեկացա, որ տղաս առողջական լուրջ խնդիրներ ունի: Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է հայտնաբերվել: Դիմել եմ պատկան մարմիններին, բայց ոչ մի արձագանք: Խնդրել եմ, թողեք, տղաս բուժվի, նոր հետո շարունակի ծառայությունը: Սակայն ձայն բարբառո հանապատի: Միայն ֆինանսական, բարոյական ու հոգեբանական օգնություն մեր սոցիալապես անապահով ընտանիքը ստացել է Բերձորի ղեկավար Սուրեն Խաչատրյանից: Նրա ամեն մի օգնությունն ու խորհուրդները մեր ընտանիքին շատ է օգնել: Հիմա, գիտեմ, այս հարցում նա ամենազոր չէ: Տղայիս առողջությամբ զբաղվելու հարցով ինձ կարող է օգնել միայն Արցախի նախագահը: Լսել եմ նաև, որ ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ զինվորների է օգնել նաև օրերս Արցախի արտաքին գործերի նախարար նշանակված Դավիթ Բաբայանը, ով այն օրերին Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակն էր: Խնդրանքս է և´ Ա. Հարությունյանին, և´ Դ. Բաբայանին, որ ընդառաջեն, սատար կանգնեն ինձ ու միջոցներ ձեռնարկեն տղայիս բուժումն ապահովելու համար: Անգամ համաձայն եմ, եթե հիվանդանոցներում տեղ չկա, թող տան, ես իմ տղայիս բուժեմ, իսկ ես դա կարող եմ: Որից հետո տղաս նորից կվերադառնա զինծառայության»: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի նրանք իրենց հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն մասնագիտությամբ բժշկուհի, բազմաթիվ հիվանդ քաղաքացիների կյանք փրկած Ա. Հովսեփյանին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր