211652_close_icon
views-count12898 դիտում article-date 15:40 07-01-2021

Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի և Նախիջևանի միջև․ վարչապետի խոսնակի պատասխանը Ալիևին

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը [url=https://armenpress.am/arm/news/1039629.html]«Արմենպրես»[/url]-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը: [b]– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է «Նախիջեւանի միջանցքի» մասին, ասելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա: Արդյո՞ք նման միջանցքի բացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ կան:[/b] – ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է եւ այս համատեքստում՝ նաեւ Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապ հաստատելու: Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ: Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարեւոր է համարում նաեւ ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը: Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս եւ կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը: Մինչեւ հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան եւ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ եւ այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան՝ այդ թվում միջազգային ատյաններում: Միաժամանակ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին եւ հայտարարություններին:

Նմանատիպ նյութեր