211652_close_icon
views-count2044 դիտում article-date 16:54 18-01-2021

2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ. Հայկ Մարության

Երեւանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: 2019թ. մեկնարկած փորձնական ծրագիրը դարձավ հիմնական՝ իր աննախադեպ ծավալներով: «Ամբողջ հետխորհրդային շրջանում մոտ 35 վերելակ է ընդամենը փոխվել Երեւանում, իսկ միայն Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո արդեն իսկ փոխվել է 520 վերելակ, եւ այդ գործընթացը շարունակական է»,- նշում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը: «Երեւանի վերելակներից ¼-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երեւանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- նշում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը: «Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված է: Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռեւս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի»,- նկատում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները: «Վերելակներն առհասարակ իրենց պիտանելիության ժամկետը սպառել են ամբողջ քաղաքով մեկ, բնական է, հնարավոր չէ միանգամից եւ բոլորը փոխել եւ ինչպես էլ կատարվի ընտրությունը, ինչքան էլ փորձենք օբյեկտիվ պայմաններ հաշվի առնել, այո, լինելու են նաեւ բնակիչներ, որ թվալու է իրենց վերելակն ավելի կարեւոր էր, բայց հավատացնում եմ ձեզ, փորձում ենք նախեւառաջ հաշվի առնել մասնագետների տված եզրակացությունը»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը ստիպեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը: Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաեւ պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը եւս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության եւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Նմանատիպ նյութեր