1518 դիտում
16:46 20-01-2021
Դատարանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար․ Tert.am
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ` դատավոր Տաթևիկ Ստեփանյանի, պարտավորեցրել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին ներողություն խնդրել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովից՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2021/01/20/compensation/3500729?fbclid=IwAR2X7gOukMnOP6ID9qk10PLNcLAV_Ozk1B1kZ-8mK-0HnAwMzAR2PdqKbzY]Tert.am[/url]-ը տեղեկանում է դատական տեղեկատվական [url=http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203879238]համակարգից[/url]:
Դեռևս 2018 թվականի օգոստոսի 10-ին է Յուրի Խաչատուրովը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ քաղաքագետի: Հայցադիմումից տեղեկանում ենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին «Ա1+» ՀԸ-ին տված հարցազրույցի ընթացքում Ստեփան Գրիգորյանի կողմից Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ, որոնք արատավորում են վերջինիս պատիվը և արժանապատվությունը, և որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն հանդիսանում են զրպարտություն, ինչը ենթակա է պաշտպանության և փոխհատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայցադիմումով դատարանից հայցվորը խնդրում է պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում հրավիրել մամուլի ասուլիս և հերքել Յուրի Խաչատուրովի վերաբերյալ արտահայտված սուտ փաստացի տվյալները՝ ասուլիսի տեսանյութը տեղադրելով Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում:
Հայցվորը նաև դատարանից խնդրել է Ստեփան Գրիգորյանին պարտավորեցնել որպես զրպարտության արդյունքում պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում Յուրի Խաչատուրովին վճարել 2 000 000 ՀՀ դրամ և Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի, որպես դատական ծախսերի հատուցում, բռնագանձել վճարված պետական տուրքի գումարը և փաստաբանական ծախսերի գումարը:
2021 թվականի հունվարի 14-ին դատարանը որոշել է՝ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել մասնակի: Ըստ այդմ՝ դատարանը որոշել է Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել` 4000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել՝ 300000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»:
Որոշման մեջ մասնավորապես ասված է. «Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին։
Հայցը մնացած մասով դատարանը մերժել է։
Նմանատիպ նյութեր
1378 դիտում
13:33 01-11-2018
ՀՔԾ պետը Յուրի Խաչատուրովից ներողություն խնդրել չի պատրաստվում
1072 դիտում
20:56 15-02-2023
Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին՝ ներողություն խնդրել ՀՅԴ-ից
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»