211652_close_icon
views-count1569 դիտում article-date 12:25 21-01-2021

Արտգործնախարար Արա Այվազյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում

Տաթևիկ Հայրապետյան. Վերջերս ադրբեջանական կողմը մի քանի անգամ պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փաստացի լուծվել է: Նաև Ալիևը Շուշիում հանդես եկավ իր հերթական բավականին ընդգծված հայատյաց ելույթով և խոսեց այն մասին, որ Հայաստանում ռևանշի մասին մտածողները բախվելու են «երկաթյա բռունցքին»։ Արտգործնախարարությունը մի քանի հայտարարություններ տարածել է, այդուհանդերձ կցանկանամ՝ շեշտեք, թե ինչպիսի դիրքորոշում ունի այս պահին նախարարությունը, և որո՞նք են առաջնահերթությունները, որ ունի մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև խաղաղ գործընթացի համատեքստում։ Արա Այվազյան. Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, շնորհակալություն տիկի՛ն Հայրապետյան հարցի համար։ Ինչպես նշեցիք, արտաքին գործերի նախարարությունը մի քանի հայտարարություններով հանդես է եկել Ձեր բարձրացրած խնդրի վերաբերյալ. մասնավորապես կվկայակոչեմ նախարարության խոսնակի անդրադարձը Շուշիում նախագահ Ալիևի կողմից հնչեցված սադրիչ և վիրավորական հայտարարություններին, որը մենք դատապարտում ենք: Գտնում ենք, որ այդ հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատմանը։ Պարոն Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, քանի որ մի կողմից նա նշում է, որ հակամարտությունը լուծված է, իսկ մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ, ինչը վկայում է, որ, հավանաբար, հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգի ձևավորումը: Այդ կապակցությամբ կարծում եմ, որ շատ կարևոր էր իմ՝ վերջերս կայացած այցն Արցախ, որտեղ մենք քննարկել ենք հենց ընդհանուր օրակարգ ձևավորելու և մեր աշխատանքները համադրելու, համակարգելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է մեր առաջնահերթություններին, մենք դրանց մասին հայտարարել ենք: Նախևառաջ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով և վարել բանակցություններն այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Երկրորդ, մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան, և դրա հետ կապված՝ հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձն իր բնակավայրեր: Երրորդ, միջազգային հանրության կողմից, մասնավորապես՝ միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումն Արցախին։ Եվ չորրորդը վերաբերում է մեր մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։ Ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ վերջերս հնչեցված հայտարարություններին, Շուշին հայկական մշակութային կենտրոն է, և ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնվելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թյուրքական մշակութային կենտրոն։ Վստահ եմ, որ մենք այդ ուղղությամբ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը։ Շնորհակալություն։ Տաթևիկ Հայրապետյան. Նաև դրան էի ուզում անդրադառնալ, պարոն նախարար, քանի որ խոսեցիք մշակութային ժառանգության պահպանման մասին: Վերջերս թյուրքական աշխարհը, այսպես ասած, հավակնություններով է հանդես գալիս Շուշիի նկատմամբ: Այսօր նաև տեղեկություն ստացա, որ ՄԻԵԴ-ի՝ մեր ռազմագերիներից մեկի հետ կապված միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո անգամ ադրբեջանական կողմը քայլ է ձեռնարկում և, ըստ էության, զրկում կյանքի իրավունքից: Այսինքն, Ադրբեջանն ակնհայտ խախտում է կառույցների՝ իր վերաբերյալ ընդունած որոշումները, և այս դիրքորոշմամբ բավականին ապակառուցողական է հանդես գալիս հետպատերազմյան շրջանում, և կարևոր էր, որ Դուք թվարկեիք այն առաջնահերթությունները, որոնք մենք ունենք այս իրավիճակում: Շնորհակալություն: Արա Այվազյան. Բնականաբար, գերիների հարցը մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է, և այդ միջադեպը, ողբերգությունը, որը Դուք նշեցիք, մեկ անգամ ևս ի ցույց է դնում, որ Ադրբեջանը կեղծ օրակարգ է առաջ տանում՝ կապված տարածաշրջանում խաղաղության, զարգացման և հաշտության հետ: Մենք դիվանագիտական խողովակներով ի ցույց ենք դնում աշխարհին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության: Խաղաղության մասին խոսելու համար, նախևառաջ, պետք է ստեղծել վստահության վերականգնմանն ուղղված մթնոլորտ: Մենք առ այսօր չենք տեսել նման քայլեր: Նարեկ Մկրտչյան. Պարոն նախարար, նախորդ տարի Հայաստանն անդամակցեց Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց Հայաստան-Չինաստան հարաբերությունների համատեքստում, այդ թվում նաև այս դահլիճում։ Ամբողջ պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանը տարատեսակ ոտնձգություններ էր թույլ տալիս հայկական կրոնական արժեքների նկատմամբ, այդ դաշինքը որևէ արձագանք չարեց։ Ես կցանկանայի հասկանալ ԱԳՆ քաղաքականությունն այդ դաշինքի դիրքորոշման նկատմամբ։ Արա Այվազյան. Շնորհակալություն հարցի համար: Ես կարծում եմ, որ ողջ պատերազմի ընթացքը մեզ համար վերլուծության կարևոր հանգրվան է, որպեսզի մենք համապատասխան շտկումներ ներդնենք մեր արտաքին քաղաքականության մեջ, և ոչ միայն Ձեր նշած հարցի կապակցությամբ: Միակ բանը, որ կարող եմ այսօր ասել Ձեզ այն է, որ մեր արտաքին քաղաքականության համար առավել քան երբևէ կարևորագույն հարցը, ինչպես եղել է, բայց հիմա առավել քան երբևէ մնում է պետության անվտանգության ապահովումը: Եվ դրա հիման վրա և հիմնվելով մեր պետական և ազգային շահերի ապահովման վրա՝ մենք կայացնելու ենք սթափ և պրագմատիկ որոշումներ: Եվ Ձեր նշած կազմակերպությունը միակը չէր: Մենք լուրջ վերլուծում ենք և համապատասխան ուղղումներ, շտկումներ մտցնում ենք արտաքին քաղաքականությունում: Նարեկ Մկրտչյան. Պարոն նախարար, իրականում, այդ դաշինքին անդամակցած երկրները իրավունք ունեին դաշինքի անունից հանդես գալու, դատապարտելու կրոնական արժեքների նկատմամբ որևէ ոտնձգությունը։ Ավելին, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը առցանց նախարարական հանդիպմանը կոչով դիմեց, որ դատապարտեն, և կրկին առանձնապես արձագանք չեղավ։ Ես ուզում եմ հասկանալ, հնարավո՞ր է արդյոք դիտարկել այդ դաշինքին հետագա անդամակցության նպատակահարմարությունը։ Արա Այվազյան. Ես արդեն ասացի, որ մենք լուրջ վերլուծում ենք յուրաքանչյուր կառույցի, երկրների, տարածաշրջանի կեցվածքը պատերազմի ընթացքում և կատարելու ենք համապատասխան շտկումներ: Դրանք ուղղված են լինելու մեր ազգային անվտանգության ամրապնդմանը՝ պետական և ազգային շահերի շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր