1735 դիտում
10:20 22-01-2021
Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը. Սենոր Հասրաթյան
Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շուշին ստեղծվել է Մեծ Հայքի 10-րդ՝ Արցախի նահանգի Վարանդա գավառում եւ որպես պաշտպանական ամրություն ծառայել տեղի հայ բնակչությանը: Այն հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից մեկը: Ուշ միջնադարում Շուշին հիշատակվում է տարբեր անուններով, այդ թվում՝ Քար, Քարագլխի սխնախ, Շոշ բերդ, Շոշի սխնախ: 1720-ական թվականներին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետի ջանքերով Շուշիի բերդը վերակառուցվել ու ամրացվել է:
1725թ. ութ օր տեւած մարտերից հետո հայերը փախուստի են մատնել թուրքական 40 հազարանոց զորքին: 18-րդ դ. 2-րդ կեսին թուրքական սարըջալու քոչվորական ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Արցախի մելիքությունների ներքին անհամաձայնություններից, տիրացել է Շուշի ամրոցին: 1752թ. հիմնվել է Շուշիի կամ Ղարաբաղի խանությունը, իսկ Փանահ Ալին իրեն հռչակել է Ղարաբաղի խան: 1790-ականներին Շուշին դարձել է ռազմական կարեւոր գործողությունների թատերաբեմ: 1795թ. օգոստոսին պարսկական զորաբանակը 33 օր պաշարել է Շուշին, սակայն չի կարողացել գրավել: 1797-ի գարնանը ձեռնարկելով երկրորդ արշավանքը, Աղա Մահմեդը գրավել է բերդը: 19-րդ դարի սկզբին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, 1805թ. մայիսին Կյուրակչայի պայմանագրով, Ղարաբաղն անցել է Ռուսաստանին:
Շուշիում պարսկական կայազորին փոխարինել է ռուսականը: 1826թ. հուլիսին նորից է սկսվել պատերազմ Պարսկաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Պարսկական 60 հազարանոց բանակը պաշարել է Շուշին, սակայն բերդի պաշտպանությունը ստանձնած ռուսական կայազորի 1700 զինվորները եւ 1500 հայ աշխարհազորայինները կարողացել են ձախողել պարսիկների նվաճողական ծրագրերը: 19-րդ դարի կեսին Շուշին ուներ 27783 բնակիչ, որից 15188-ը՝ հայ, 1895-ին՝ 33252 բնակիչ, որից 20584-ը՝հայ: 1905թ. Շուշիում տեղի ունեցած թաթարա-հայկական ընդհարումների ժամանակ ավերվել է հայկական առեւտրական թաղամասը, ինչի արդյունքում արձանագրվել է քաղաքի բնակչության զգալի նվազում՝ հասնելով 16500-ի:
Հետագա տարիներին բնակչության թիվը նորից աճել է: 1916 թվականի տվյալներով Շուշին ուներ 43863 բնակիչ, որից 21926-ը՝ հայեր, 18641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլ ազգեր: 1918-1920 թվականներին Շուշին եւ շրջակա հայկական բնակավայրերը թուրք-թաթարական խաշնարածների կողմից ենթարկվել են նոր ջարդերի եւ կոտորածների: Միայն 1920թ. մարտի 22-23-ի գիշերը թուրք-մուսավաթական հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայ բնակիչների, կողոպտել եւ հրի մատնել ողջ հայկական թաղամասը: 1921թ. Շուշին, Լեռնային Ղարաբաղի կազմում, ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ հանձնվել է Ադրբեջանին:
Խորհրդային տարիներին Շուշին զգալի անկում է ապրել: Տեղի իշխանությունները՝ Բաքվի անմիջական հովանավորությամբ ավերեցին եւ ոչնչացրին քաղաքում եղած գրեթե այն ամենը, ինչ հայկական էր, այդ թվում՝ դեռեւս կանգուն մնացած եկեղեցիները: 1988թ. Շուշիից բռնատեղահանվեց քաղաքում դեռեւս մնացած 2000 հայ: Դրանից հետո երբեմնի հայոց բերդաքաղաքը Ադրբեջանը վերածեց ռազմակայանի»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան