50494 դիտում
21:47 25-01-2021
Հրազդանի զինվորական պանթեոնում հիշատակի օր էր. Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 22–ամյա հերոսի շիրիմին կենդանի երաժշտությամբ հնչեց Ազատին, Թաթուլին և մյուս լեգենդ դարձած զինվորներին հարազատ դարձած երգը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 25-ին, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի զինվորական պանթեոնում հիշատակի օր էր:
Պանթեոն էին այցելել Արցախյան պատերազմում նահատակված հրազդանցի, 22-ամյա Ազատ Զաքարյանի հարազատները, ընկերները, զինակից ընկերներն ու Երևանի պետական բժշկական համալսարանաի ռազմաբժշկական ֆակուլտետի սաները: Պանթեոն էր այցելել նաև Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը:
Մինչ խնկարկելը, Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Համազասպ քահանա Գրիգորյանը տերունական աղոթքով դիմեց այցելուներին, որից հետո Ազատի մարտական ընկերներն ու նրան ճանաչողները ներկայացրեցին նրա հերոսական անցյալը, որը կերտվել էր ռազմի դաշտում:
Հավաքվածները նշում էին, որ Ա. Զաքարյանը ռազմաբժշկական ֆակուլտետում սովորել է 3 տարի, որից հետո զորակոչվել է բանակ՝ զինվորական ծառայության:
Արցախի հարավային ուղղությամբ մղվող մարտերում նա կատարել է իր առջև դրված ամենածանրագույն խնդիրները, զինակից ընկերների հետ կենացմահու պայքար է մղել թշնամու դեմ, քաջաբար կանգնել մինչև վերջ և նահատակվել:
Զինակիցները նշում էին նաև, որ զոհվելուց ժամեր առաջ նա անգամ սահմանից իր ընկերների և հարազատների միջոցով օգնել է Արցախից տեղափոխված արցախցիներին՝ ժամանակավոր կացարան գտնելու հարցում:
Հիմա Հրազդան քաղաքի բակերից մեկում տեղ գտած նրա զինվորական համազգեստով դիմապատկերը անցորդների համար դարձել է սրբատեղի, իսկ զինվորական պանթեոնում ամեն օր մեծ թվով այցելուներ են ժամանում, ծաղիկներ խոնարհում ու խնկարկում ինչպես Ազատի, այնպես էլ մյուս հերոսների, այդ թվում՝ հրազդանցի Թաթուլ Հակոբյանի, Արտակ Մարտիրոսյանի, Խաչատուր Միքայելյանի, Սամվել Բադալյանի և մյուս արծիվ ու առյուծ զինվորների շիրիմներին:
Հուզիչ էր հերոսի ազգականի՝ կիթառով կատարմամբ երգը՝ նվիրված Ազատին, Թաթուլին, Արտակին, Խաչատուրին, Սամվելին...
Մեջբերելով Ազատի ՝ «Ամեն ինչ մեր ձեռքերում է ու գլխում» խոսքերը, նրա մարտական ընկերն ասում է, որ ընկերն իր աշխարհայացով տարբերվում էր մյուսներից: Ազատը զոհվել է հոկտեմբերի 10-ին, Հադրութում: Ռազմաճակատի ամենաթեժ՝ հարավային ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրետանային արկն ընկնում է նրանից քիչ հեռու, որի հետևանքով վիրավորվում են նրա զինակիցները: Անտեսելով վտանգն՝ Ազատը շտապում է օգնության: Թշնամու արձակած համազարկ կրակի հետևանքով հերոսը բռնում է հավերժի ճամփան: Վաշտի հրամանատարը պատմում է, որ կրտսեր սերժանտ Ազատն աչքի է ընկել կազմակերպվածությամբ, իր առջև դրված խնդիրները պարտաճանաչությամբ կատարելու կարողությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2113 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)