10119 դիտում
19:29 29-01-2021
Մարդու մասին պատկերացում կազմելու համար պետք է նայել ոչ թե խոսքերին, այլ վարքին ու գործունեությանը. Երկրի հակառակ կողմը. Հոգեբանի հետ բացահայտումներ
Աննա Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
[b]Երկրի հակառակ կողմը. հոգեբանի վերլուծություն, մաս 1[/b]
Մարդու մասին պատկերացում կազմելու համար պետք է նայել ոչ թե խոսքերին, այլ վարքին ու գործունեությանը: Արվեստի և գրականության վերլուծությունը, որպես գործունեության արդյունք, մարդու բացահայտման լավագույն միջոցներից են: Հայտնի արվեստագետների մասին բազմաթիվ հոգեբանների հետազոտություններ կան, որոնք, հիմնվելով նրանց կտավների, գրքերի, ֆիլմերի և այլ ինքնաարտահայտման դրսևորումների վրա, վերլուծել և բացահայտել են նրանց այս կամ այն հոգեբանական խնդիրները:
Այժմ ներկայացնեմ, թե ինչ ինֆորմացիա կարող է տալ գիրքը մարդու մասին:
Ինչ գիրք էլ լինի, եթե անգամ դա գիտական ֆանտաստիկա կամ դետեկտիվ ժանր է, ներկայացնում է մարդու գիտակցական կամ ենթագիտակցական էությունը, գաղափարներն ու հակումները: Եթե դուք գրեիք գիրք, հարգելի՛ ընթերցող, բոլորովին ուրիշ բառերով ու գաղափարներով կլցնեիք էջերը՝ միևնույն իրադարձության մասին: Իրական կամ երևակայական պատմությունը ուրիշ տեքստ կստանար ձեր գրչի տակ: Համաձայնեք, որ անգամ իրական պատմությունը տարբեր մարդիկ տարբեր ձևերով են հիշում և վերարտադրում:
Բացի այն, որ գրքերից կարելի է պատկերացում կազմել մարդկանց հոգեբանական առանձնահատկությունների, բարոյական հայացքների, մտավոր մակարդակների, մտածելակերպի առանձնահատկությունների, երազանքների, նպատակների, ծրագրերի մասին, նաև կարող ենք իմանալ մարդկանց իրականության ընկալման ֆիլտրերի, պաշտպանական մեխանիզմների, հոգեկան առողջության և այլ բնութագրիչների մասին: Որքան էլ մարդը փորձի հմտորեն թաքցնել, ենթագիտակցական ինֆորմացիան բառերի ընտրության և շարադրանքի միջոցով ջրի երես է դուրս գալիս: Անգամ հմուտ խմբագիրները չեն կարող դրանք շտկել կամ քողարկել, որովհետև գրքի բովանդակության կամ բառերի փոփոխությունը մարդուն խորթ կթվա, և նա չի համաձայնի:
Ձեր դատին եմ հանձնում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի վերլուծությունը:
Ովքեր կարդացել են այս գիրքը, հավանաբար չեն համարձակվում բարձրաձայն խոստովանել իրականությունը, ես դա կանեմ նրանց փոխարեն:
Չէ՞ որ հոգեբանը նախընտրում է դառը ճշմարտությունը՝ քաղցր ստից: Սուտն ու կեղծիքը մարդուն հանգեցնում են նևրոզների, հոգեմարմնական հիվանդությունների, անձնական և այլ խնդիրների: Եվ եթե այդ ճշմարտությունը չի սպանում, այն նպաստում է մարդու զարգացմանն ու հոգևոր աճին:
Իսկ ի՞նչ կտա այս գրքի վերլուծությունը: Շատ հարցերի պատասխաններ, իրականության հետ առերեսում:
Գրքում ներկայացված դատողությունները իրարամերժ են, հակասական, հակասոցիալական, անբարո ու ցինիկ:
Եթե ես պատկերացում չունենայի գրքի հեղինակի մասին, գիրքն ընթերցելով՝ հաստատապես կասեի, որ նա տառապում է հուզական անձնային խանգարման թեթև տեսակով:
(«Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ», 5-րդ հրատարակություն):
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման՝ նման անձնային խանգարումը (ICD 10) մտնում է հոգեկան և վարքաբանական խանգարումների բաժնի մեջ (F60-69) և B կլաստերի անձի հուզական խանգարում է, որի մեջ ներառված են մի քանիսը՝
ա) հակասոցիալական անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է սոցիոպաթներ,
բ) սահմանային անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է պսիխոպաթներ,
գ) հիսթրիոնային անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է հիստերիկներ,
դ) նարցիսային անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է նարցիսներ:
Նա միանգամայն համապատասխանում է միաժամանակ այս բոլոր անձնային խանգարումներն ունեցողների դասին, որը կարելի է անվանել դրամատիկ անձնային խանգարում:
Նման խանգարում ունեցող մարդիկ առանձնանում են հետևյալ անձնային գծերով՝
1) սոցիալական նորմերի և օրենքի անտեսում,
2) միջանձնական կապվածություններ ստեղծելու սահմանափակ ընդունակություն,
3) ցածր ինքնավերահսկողություն, իմպուլսիվություն, հուզական անկայունություն, երբեմն՝ գերգրգռվածություն,
4) իրականության հետ ոչ հաստատուն կապ,
5) բարձր տագնապայնություն,
6) անընդհատ ուշադրության արժանանալու պահանջմունք,
7) սեփական անձի նշանակալիության գերագնահատում,
8) անձը կենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա,
9) չի տեսնում իր պահվածքի հետևանքով՝ իր և այլոց վրա դեստրուկտիվ ազդեցությունը:
Անձնային խանգարման ախտորոշումը հիմնվում է վերոհիշյալ ինը հատկանիշների վրա, ընդ որում, բավական է դրանցից հինգի առկայությունը։
Անձի խանգարումը կարող է լինել բնածին կամ վաղ տարիքում ձեռք բերված: Այն կարող է պայմանավորված լինել ստորև նշված մեկ կամ մի քանի պատճառներով՝
• ժառանգական գործոններով,
• ծանր հուզական ապրումներով,
• դաստիարակությամբ կամ ընտանեկան իրավիճակով,
• տոհմական կամ վաղ տարիքի տրավմաներով,
• հոգեբանական, ֆիզիկական կամ սեքսուալ բռնությամբ:
• Դա ուղեղի կամ որևէ օրգանական հիվանդությամբ կամ վնասվածով պայմանավորված չէ:
• Փսիխոզ չէ, այսինքն՝ մարդիկ չեն կորցնում իրականության զգացումը, հասարակության հետ կապերի կոպիտ խզման պատճառ չի դառնում:
• Լինում է թեթև կամ ծանր տեսակի և ընթանում է մտածողության, վարքագծերի և հույզերի ծանր ու կայուն խանգարումներով:
• Երբեմն զուգակցվում է այլ հոգեբանական խնդիրներով՝ դեպրեսիա, կախյալություն՝ խմիչքից, թմրամիջոցներից և այլն։
• Նման մարդկանց վարքային դրսևորումները ոչ ճկուն են, ունեն կյանքի որոշակի ոճ և սեփական անձին ու այլոց վերաբերվելու որոշակի ձև:
Անձի խանգարման առաջին նշանները հայտնվում են դեռևս դեռահաս տարիքում՝ կոպտությունը, շրջապատի հետ անընդհատ բախումները, անվստահությունը, վարքի անցանկալի այլ դրսևորումներ, որոնք մեծ տարիքում ավելի ցայտուն են դրսևորվում:
Միգուցե որոշ մարդիկ, առանց գիրքը կարդալու, միայն լրատվության միջոցներին հետևելով, ներկա վարչապետի անձնային կերպարին կնմանեցնեն: Սակայն ես կերպարի վերլուծություն կանեմ՝ հիմնվելով գրքի բովանդակության վրա:
Գրքում շատ քիչ ինֆորմացիա կա իր մասին, հատկապես՝ մանկության ու պատանեկության վերաբերյալ: Բայց դա էլ բավական է պատկերացում կազմելու համար այն հիմքերի մասին, որոնք կարող էին նպաստել նման խանգարման: Բացի այդ, նրա գաղափարների վերլուծությունը ևս կծառայի բացահայտումներին:
«- Մանուկ հասակում ես երազում էի աշխարհագրության դասատու դառնալ: Չես պատկերացնի, Ֆրեդ, ինչպես էի ես երազում: Ապրում էի այդ մտքով, հաշվում էի օրերը, թե երբ պիտի ավարտեմ դպրոցը, որ իրագործեմ երազանքս: Որոշումը կայացված էր, և ոչ մի ուժ չէր կարող ինձ ստիպել փոխել այն: Անգամ մայրս, որ կարծում էր, թե լրագրող պետք է դառնամ: Ծիծաղում էի նրա վրա, ձեռքից բռնած` քաշում էի հեռուստացույցի առաջ և, սովետական եթերի «աստղերից» մեկին ցույց տալով, ասում. «Մայրիկ, դու ուզում ես, որ ես այսպիսի տխմարի մե՞կը դառնամ»: Մայրս անդրդվելի էր, տարիքիս հետ այս թեման ավելի էր լրջացնում: Իսկ ես այդ խոսակցության մեջ մտնում էի միայն նրա հոգու հետ խաղալու համար: Հասկանո՞ւմ ես, որոշումը կայացված էր, որոշումը անբեկանելի էր. ես կդառնամ աշխարհագրության դասատու…
Այստեղ դադար առա` գրապպայի հերթական բաժակը խմելու համար.
- Հետո, Ֆրեդ, տեղի ունեցավ անկանխատեսելին, տեղի ունեցավ ողբերգականը, տեղի ունեցավ այն, ինչ անիմաստ է դարձնում ամեն ինչ. մայրս մահացավ, Ֆրեդ, գլխուղեղի քաղցկեղից: Վերջին անգամ նրան տեսա մահվանից երկու օր առաջ. նա ինձ միայն երկու բառ ասաց, որ ես չեմ կարող քեզ համար թարգմանել: Դա չի թարգմանվում, դա միայն իմ հայրենիքում են մարդիկ իրար ասում: Վերջին վեց ամիսներին մայրս ու ես իմ մասնագիտության հարցը չէինք քննարկել, բնականաբար` վերջին հանդիպմանն էլ այդ մասին խոսք չեղավ: Ավելորդ է ասել, թե նրա մահը ինչպիսի հարված էր ինձ համար, երկար ժամանակ ես ուշքի չէի գալիս և հարուցում էի հարազատներիս մտահոգությունը: Իսկ հիմա կռահիր, Ֆրեդ, թե ի՞նչ մասնագիտության տեր եմ ես:
Ֆրեդը ջերմությամբ ինձ էր նայում.
- Այո, ախպերս, լրագրող եմ: Բայց զարմանալին այն է, որ ես սիրում եմ իմ այդ տխմար մասնագիտությունը, ինձ չեմ պատկերացնում առանց դրա:» (էջ 53-54):
Անշուշտ, դժվար է վաղ տարիքում ծնող կորցնելը, այն էլ երկար տառապանքներից հետո՝ հաշվի առնելով հիվանդության առանձնահատկությունները: Երբեմն դա անդառնալի հոգեբանական հետևանքներ է ունենում:
Ի՞նչ հետևանքներ կարող էր բերել դա Նիկոլ Փաշինյանի կյանքում:
«- Երբեմն ինձ թվում է, Ֆրեդ, ուրախ եմ, որ մայրս մահացել է:
Ֆրեդը սարսափած հայացքով ինձ էր նայում, բայց նա այլևս այն կոտրված և հուսահատ մարդը չէր...
- Իմ այդ միտքն ինձ էլ է սարսափեցնում, բայց կյանքը և մահը շատ սերտ են կապված: Մայրս ինձ լույս աշխարհ բերեց ոչ թե իմ ծննդյան, այլ իր մահվան օրը: Նա մահացավ, որ ես ապրեմ, ու ես ապրում եմ հանուն նրա հիշատակի:
Ֆրեդն ակնհայտորեն հուզված էր, կարծես ուզում էր հասկանալ իր հետ տեղի ունեցածի իմաստը: Բայց գուցե դրա համար երկար ժամանակ է պետք, գուցե, իրոք, ոչ մի իմաստ էլ չկա, գուցե, իրոք, ամեն ինչ անիմաստ է:» (էջ 54-55):
Ենթադրում եմ, որ մոր մահվան մեջ իրեն է մեղավոր համարում, ինչը փորձում է կոմպենսացնել մոր ընտրած մասնագիտությամբ, ինչով էլ մոր մահը արդարացնում է: Նա ապրում ու գործում է հանուն մահացած մարդու հիշատակի՝ մահը դարձնելով նշանակալից:
«Մինչ այդ ասեմ, որ ոչ թե վստահ եմ, այլ կասկածում եմ՝ մտծում եմ, որ ամեն մահ ունի իր բացառիկ իմաստը, մատնահետքի նման բացառիկ և չկրկնվող իմաստը:» (էջ 53):
Մահը նրա համար շարժիչ ուժ ունի ու ինքնակործանիչ վարքը արդարացնելու պատճառն է, իսկ էկզիստենցիալ դատարկությունը լրացնում է տառապանքով.
«- Տառապի՛ր, Ֆրե՛դ, տառապի՛ր, դա վեհացնում է մարդուն, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ անիմաստության զգացումը համակի քեզ,- ասում էի ես նրան ու իմ սեփական պատմությունները պատմում:» (էջ 63):
Նրա հիմնաքարային էմոցիան մեղավորության զգացողությունն է: Չեմ կարող պնդել, որ դա մոր մահվան հետ է կապված, միգուցե ավելի շուտ է եղել, որը ամրապնդվել է մոր մահով: Տատիկի (գրքից երևում է, որ պրակտիկորեն փոխարինել է մորը) մահվան հետ կապված էմոցիաները գալիս են հաստատելու իմ վարկածը:
«- Այո, այո տատիկս շատ վաղուց ծանր հիվանդ էր և ես Աստծուն խնդրեցի, որ երկարացնի նրա կյանքը, առողջացնի նրան և ապրեցնի գոնե մինչև 2005 թվականը… «պայմանագրի» ավարտին մնացել էր երեք տարի, նա հիվանդացավ: Կնոջս և երեխաներիս հետ շտապեցի իմ ծննդավայր՝ տատիկիս տեսության... Մտածում էի առաջիկա հանգստյան օրերին նորից այցելել նրան... Պարզվեց՝ առաջիկա ոչ աշխատանքային օրվա համար նախապես պլանավորված խնջույք կա... Սա շատ զորեղ փաստարկ դարձավ իմ համար, և ես չմեկնեցի ծննդավայր, մնացի մայրաքաղաքում, չայցելեցի նրան... իմ բնակարանում հնչած գիշերային զանգը գուժեց նրա մահը... Ես նրան լքեցի ամենադժվար պահին: Գիտեմ, որ նա մինչև վերջին վայրկյանը սպսել է ինձ...
- Բայց ինքս չեմ կարողանում ինձ ներել...
Տարիներով կուտակված արցունքներս հորդում էին գետի նման:» (էջ 89-91):
Բոլորի համար հասկանալի է՝ տատիկը ծեր էր, հիվանդ և մի օր պիտի մահանար: Դա կարող էր պատահել ցանկացած մի օր, բայց չէ, մեր գրքի հերոսը իր համար տառապանքի աղբյուր է գտել, ինքնամեղադրանքի հիմնավորված պատճառ:
Ահա և մեղավորության զգացողության այլ մտքեր.
«- Բայց ես հանճարեղ ձևակերպեցի. երբ մարդ նայում է որեւէ ուրիշ երեխայի, դա սովորական ուրախ զգացողություն է: Երբ սեփական երեխայիդ ես նայում, անկախ նրանից` ուրախ ես, թե տխուր, սիրտդ պարտադիր ճմլվում է, դու քեզ մի տեսակ մեղավոր ես զգում…
- Ինչի՞ համար,- հարցրեց Ֆրեդը:
- Ամեն ինչի, հենց թեկուզ նրա համար, որ չես կարողանում նրան սիրել այնքան, որքան սիրում ես. սա է հայրական զգացումը` մեղքի զգացում եւ այդ մեղքը քավելու հուսահատ ջանքեր. սա էլ քեզ հայրական սեր: Ու երբեմն այդ սերը վատ է վերջանում:» (էջ 136):
«- Ասենք, ի՞նչ է նշանակում որդի լինել. նշանակում է մեղավոր զգալ ծնողներիդ առաջ, եղբայր` մեղավոր զգալ եղբորդ կամ քրոջդ առաջ, ամուսին` մեղավոր զգալ կնոջդ առաջ: Եվ ի վերջո, ի՞նչ է նշանակում լինել մարդ. մեղավոր լինել Աստծո առաջ: Կյանքն էլ այդ մեղավորության զգացումը հաղթահարելու, ապաշխարելու հուսահատ փորձ է. և մարդիկ իրենց առաջին մեղքը քավելու մղումով երբեմն ավելի մեծ մեղքեր են ստիպված լինում գործել,- ընդհանրացրի ես:
Վիկտորը ակնհայտորեն համաձայնվեց ինձ հետ.
- Այո, մեղավորության զգացումից զերծ են միայն կովերը, - ասաց նա:» (էջ 137):
Հաշվի առնելով, որ իրադարձությունները իրականության հետ կապ չունեն, ուստի երկխոսությունը նրա ներքին երկխոսության վկայությունն է և իր ասելիքը տեղ հասցնելու լավագույն տարբերակը:
Նրա մտքերը երկբևեռ են, հակասական ու իրարամերժ. «տեղի ունեցավ ողբերգականը, տեղի ունեցավ այն, ինչ անիմաստ է դարձնում ամեն ինչ, մայրս մահացավ (էջ 53)… Ֆրեդ, ուրախ եմ, որ մայրս մահացել է: Նա մահացավ, որ ես ապրեմ, ու ես ապրում եմ հանուն նրա հիշատակի:» (էջ 54-55):
Մտքերի մանիպուլացիան ստերեոտիպային է (կհամոզվենք իրարամերժ գաղափարներին ծանոթանալով, որոնք գրեթե յուաքանչյուր էջում են), նա միշտ ճողոպրելու տեղ է թողնում, որով կարողանա արդարացնել կամ հերքել իրեն կամ իր ասածները. «ոչ թե վստահ եմ, այլ կասկածում եմ» (էջ 55): Հետագայում այդ մասին կխոսեմ ավելի մանրամասն:
Բավական է՝ նա իր համար սահմանի, որ մեղավոր չէ կամ մի բանաձև գտնի իրեն արդարացնելու ու կդադարի մեղավոր զգալ: Սակայն դա չի նշանակում, որ անմեղսունակ է, սա ուղղակի ցույց է տալիս նրա ինքնարդարացումը:
«- Մեղավոր զգա՞լ, թե՞ մեղավոր լինել,- փորձեց ճշգրտել Ֆրեդը:
- Մի՞թե հնարավոր է մեկն առանց մյուսի,- Վիկտորի փոխարեն պատասխանեցի ես ու շարունակեցի,- հնարավոր չէ մեղավոր չլինել:
- Բայց հնարավոր է մեղավոր չզգալ,- նկատեց Ֆրեդը:
-Դու արդեն խոսում ես անմեղսունակի մասին. միայն անմեղսունակը կարող է իրեն մեղավոր չզգալ: Բայց անմեղսունակը, իսկապես, նաև մեղավոր էլ չէ, որովհետև նա ի վիճակի չէ իրեն մեղավոր զգալ,- պարզաբանեցի ես:» (էջ 136):
Նա կարծես անում է բաներ կամ գտնում է պատճառներ (գիտակցաբար կամ ենթագիտակցաբար), որ հետո մեղավորության խոր զգացում ունենա ու հետո տառապի ու հետո գտնի դրա մեջ իմաստ ու հետո արդարացնի իրեն:
(Շարունակելի)
Աննա Գալստյան
Հոգեբան, քոուչ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Երկրի հակառակ կողմը. հոգեբանի վերլուծություն մաս 1 Մարդու մասին պատկերացում կազմելու համար պետք է նայել ոչ թե...
Опубликовано Հոգեբանի հետ բացահայտումներ Пятница, 29 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
1866 դիտում
15:24 08-09-2019
Նիկոլ Փաշինյանը «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»